Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածուները վերջին հանդիպումներն են անցկացնում ընտրողների հետ


Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմին նոյեմբերի 6-ին Կոնգրեսին հղած նամակում կրկնել է, որ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրելու հիմքեր չկան: Նա նշել է, որ Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ հուլիսին արված ուսումնասիրության եզրակացությունը մնում է ուժի մեջ, այսինքն՝ նորից պնդել է, որ մեղադրանք հարուցելը հիմնազուրկ է: Երկրորդ ուսումնասիրությունը ևս հանգել է նույն եզրակացությանը, Կոնգրեսին գրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը:

Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում աշխատելու ժամանակ, 2009-2013 թվականներին, անձնական էլեկտրոնային հասցեն օգտագործել էր ծառայողական նամակագրության համար, ինչը մեկնաբանվել էր որպես ինֆորմացիայի անվտանգության ամերիկյան կանոնների խախտում, և Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրել էր այդ հարցը: Հուլիսին անցկացված հետաքննության արդյունքում հայտարարվել էր, որ Հիլարի Քլինթոնին մեղադրելու հիմքեր չկան:

Սակայն ԱՄՆ նախագահի ընտրության օրից՝ նոյեմբերի 8-ից երկու շաբաթ առաջ, հոկտեմբերի 28-ին, Ջեյմս Քոմին նորից հայտարարեց, որ ՀԴԲ-ն կարող է վերսկսել ուսումնասիրությունը, քանի որ նոր փաստեր են ի հայտ եկել: Ընտրություններից առաջ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, նախընտրական հարցումները ցույց են տվել, որ ՀԴԲ ղեկավարի այդ հայտարարությունից հետո նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ Հիլարի Քլինթոնի առավելությունը որոշ չափով կրճատվել էր:

Բայց կիրակի օրը Քոմին Կոնգրեսին նորից հավաստիացրեց, թե Քլինթոնին մեղադրելու հիմքեր չկան:

Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Ջեյսոն Չաֆեթը հաստատել է, որ Ջեյմս Քոմին նոյեմբերի 6-ին տեղեկատվություն է ներկայացրել Ներկայացուցիչների տան վերահսկողական հանձնաժողովին ՀԴԲ վերջին եզրակացության մասին:

Հանրապետական կուսակցությունից նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը, այդուհանդերձ, նախընտրական քարոզարշավում շարունակում է օգտագործել այդ թեման և մեղադրել մրցակցին: Դեթրոյթում ընտրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե Քլինթոնը «պաշտպանվում է կեղծարար համակարգի կողմից, 650 հազար էլեկտրոնային նամակները հնարավոր չէր ուսումնասիրել 8 օրվա ընթացքում»: «Հիլարի Քլինթոնը մեղավոր է: Նա գիտի դա, Հետաքննությունների դաշնային բյուրոն գիտի դա, ժողովուրդը գիտի դա», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի ընտրությանը 48 ժամից քիչ է մնացել, թեկնածուները վերջին հանդիպումներն են անցկացնում ընտրողների հետ: Նոյեմբերի 6-ի Հիլարի Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Նևադա և Միչիգան, Թրամփը՝ Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա, Օհայո, Մինեսոթա, Փենսիլվանիա նահանգներում, որտեղ թեժ պայքար է սպասվում:

Հիլարի Քլինթոնի քարոզարշավի ռազմավարության պատասխանատու Ջոն Պոդեստան NBC-ին ասել է, որ եթե Նևադայում և Միչիգանում իրենց թեկնածուն առավելություն ունենա, ապա նա կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը: Պոդեստան մեղադրել է Դոնալդ Թրամփին, ասելով, թե վերջինս ըստ էության ռուսական արտաքին քաղաքականություն է որդեգրել՝ հրաժարվելով ԱՄՆ երկկուսակցական արտաքին քաղաքականությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG