Մատչելիության հղումներ

«Գազպրոմ» ընկերությունը խոստացել է սուբսիդավորել Հայաստանում գազի սակագնի իջեցման ծախսերը


Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է սուբսիդավորել Հայաստանում գազի սակագնի իջեցման ծախսերը, եթե այդ գործընթացի հետ կապված ռիսկեր առաջանան:

Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, վստաhեցնելով, որ հաջորդ տարվա հունվարից գազի սակագնի իջեցումը պետական բյուջեի հաշվին չի լինի․ - «Բյուջեից չի, աղբյուրները չորսն են: Դրանցից մեկը դա Ռուսաստանից մինչև Հայաստան հասնող տարանցման գնի նվազեցման հաշվին պետք է լինի: Ինչպես գիտեք՝ այդ տարանցման սակագնի պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարի 1-ին, այս պահին և սրանից առաջ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության և վրացական կողմի միջև, որպեսզի այդ տարանցման սակագները նվազեն: Այս նվազեցման հաշվին որքան գումար կմնա՝ կնպատակաուղղվի այս խնդրի լուծմանը: Սա՝ մեկ ֆինանսավորման աղբյուր: Այն արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավերին, մենք ենթադրում ենք, որ կօգնի սպառման լրացուցիչ ծավալներ ունենանք, որի հասույթը նույնպես կհամարվի որպես ֆինանսավորման աղբյուր: Երրորդ ֆինանսավորման աղբյուրը՝ «Գազպրոմ Արմենիան» դիտարկում է, որ իրենք նախկինում ունեցել են բավականաչափ մեծ ֆինանսական պարտավորություններ: Այսօր այդ պարտավորությունների մեծ մասը արդեն վերացել են որոշակի օպտիմիզացիայի հաշվին: Դրանք նույնպես կուղղվեն այս խնդրի լուծմանը: Եվ չորրորդ՝ ամենակարևոր աղբյուրը․ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այս բոլոր երեք աղբյուրներով նշված ռիսկերը խոստանում է վերցնել իր վրա: Եթե չի բավարարի, ապա ինքը կսուբսիդավորի մնացած մասը»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով առաջարկում է ամսական մինչև 10 հազար խմ ծավալով գազ սպառողների համար սակագինը իջեցնել մոտ 7 դրամով՝ 1 խորանարդ մետրի դիմաց վճարվող 146,7 դրամը նվազեցնել մինչև 139 դրամ: Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողների համար նախատեսվում է գազի գինն ավելի շատ իջեցնել. 100 դրամ` 1 խմ-ի դիմաց, սակայն, միայն այն պարագայում, եթե այդ խմբին պատկանողները տարեկան 600 խմ-ից ավելի գազ չսպառեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ արդեն իսկ այս ամսվա վերջին հստակ կլինի, թե որքանով կնվազի գազի սակագինը, իսկ դեկտեմբերին էլ պարզ կդառնա, թե հաջորդ տարվա փետրվարից որքանով կիջնի էլեկտրաէներգիայի գինը: Ռոբերտ Նազարյանը պարզաբանեց՝ եթե ջերմային կայանների համար գազի սակագինը նվազում է, հետևաբար արտադրված էլեկտրաէներգիայի գինը նույնպես պետք է նվազի: Թե որքա՞ն կիջնի հոսանքի գինը՝ Նազարյանը դժվարացավ ասել:

«Դուք գիտեք, որ մեր մոտ տարբեր կայաններ տարբեր սակագներով են ցանցին էլեկտրաէներգիա վաճառում, և նաև կան որոշակի կատարված ներդրումներ այս ընթացքում՝ դա էլ հաշվի կառնենք: Մենք բոլոր ընկերություններին արդեն գրավոր ուղարկել ենք մեր նամակները, որ գործընթաց ենք սկսել, խնդրում ենք իրենց բոլոր խնդիրները, որոնք այս ընթացքում առաջացել են, մեզ ներկայացնեն, որպեսզի հաշվարկ կատարենք և համապատասխան ճիշտ ազդակ հաղորդենք այն սակագնին, որը մենք նախատեսում ենք գործողության մեջ դնել փետրվարի 1-ից, բայց մեր որոշումը կկայացնենք ոչ ուշ, քան դեկտեմբերի վերջը», - այս առնչությամբ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:

Թե ինչո՞ւ է «Գազպրոմը» որոշել սուբսիդավորել գազի սակագնի իջեցման հետ կապված հնարավոր ռիսկերը՝ պարզ չէ, սակայն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի հավատում, թե ռուսական «Գազպրոմը» առանց որևէ շահի նման քայլի կգնա:

«Ես վատագույն սցենարն եմ պատկերացնում․ կառաջանան պարտքեր, պարտքերի փոխարեն կտանք ապրանք, կտանք հայաստանյան սեփականություն: Այն, ինչը հենց հիմա տեղի է ունենում ՋԷԿ-ի հետ: Ես վստահ եմ, որ սուբսիդավորման վերջում մի բան դուրս է գալու, ինչպես դուրս է եկել գազի թանկացումների ժամանակ, որ թաքուն պահեցին, հետո 300 միլիոն դոլարի ապրանք տվեցինք: Ուրեմն՝ ՋԷԿ-ն պարտք է «Գազպրոմին», նշանակում է «Գազպրոմը» կարող է ՋԷԿ-ը կամ մեր գազատարերը, ինչպես արդեն որոշել են, վերցնել և ամբողջությամբ հանձնել ռուսական ընկերությանը», - ասաց Մանուկյանը:

«Ազատըության» հարցին, արդյո՞ք այդտեղ չի տեսնում նախընտական քայլ, աջակցություն իշխանություններին և վարչապետին, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես դա դիտարկում եմ նախընտրական քայլ, որովհետև դեռևս ոչ մեկը ինձ չի համոզել, որ այս ծրագիրը տնտեսապես կայուն է, երեշխավորված է և շարունակական է»:

Հավելենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը այսօր փորձում էր վստահեցնել, թե այն ինչ արվում է նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի: Ամեն դեպքում Նազարյանը չցանկացավ ասել, թե ինչու վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք գազի սակագնի նվազեցման հարց հանձնաժողովը չէր քննարկում: - «Հովիկ Աբրահամյանին այդ հարցը տվեք», - խորհուրդ տվեց Ռոբերտ Նազարյանը՝ շարունակելով․ - «Եթե մենք այսօր գիտակցում ենք, որ այս բարձր սակագնով կան խնդիրներ, սպառման ծավալների նվազում է գնում, իսկ եթե մենք փորձենք բիզնեսի և մեր սպառողների համար տանք հնարավորություն ավելի ցածր սակագնով սպառելու, չե՞ք ենթադրում, որ մարդը կսկսի ավելի շատ վառել: Ովքեր չէին սպառում գազ, այսօր կարող են նաև սպառել»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ «իսկ որ բարձրացնում էիք, չէիք մտածո՞ւմ, որ քիչ կվառեն», Ռոբերտ Նազարյանը պատասխանեց․ - «Հարգելիներս, ես իմ գործառույթը անում եմ այն շրջանակներում, որպեսզի ես կարողանամ անհրաժեշտ հասույթ ապահովեմ տվյալ ընկերություններին»:

Երբ լրագրողները նկատեցին, թե՝ Նազարյանը պետք է հանրային շահերը ներկայացնի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը արձագանքեց․ - «Միանշանակ, միանշանակ․․․ ես նաև կոչված եմ սպառողների շահերը պաշտպանելու և նաև մեր մատակարար ընկերությունների: Հավասարակշռելու եմ ես այդ երկուսը, եթե առաջին հերթին նա անեմ, մյուսին վնաս կտամ»:

XS
SM
MD
LG