Մատչելիության հղումներ

Նոր Կյանքի գյուղապետ․ Վարչապետը սեզոնային ընդդիմություն է խաղում իշխանության մեջ


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, վերջերս Նոր Կյանքի գյուղապետ ընտրված Գարիկ Սարգսյանը քննադատում է թե՛ իշխանություններին, թե՛ «իրենց ընդդիմադիր ներկայացնող» քաղաքական ուժերին։

Ընդդիմադիր գյուղապետի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը «սեզոնային ընդդիմություն է խաղում իշխանության մեջ»: «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններն էլ «սեզոնային ընդդիմություն» են, որ ընտրություններից առաջ փորձում են ընդդիմադիր երևալ, իսկ ընտրվելուց հետո իշխանությունների հետ են միավորվում, երեկ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Սարգսյանը։

«Ես կցանկանայի վարչապետին իր բիզնես ոլորտում և իր բիզնեսում հաջողություններ մաղթել և, չգիտեմ՝ իմ խորհուրդը ինչքանով է տեղին, թող վարչապետը ինչքան հնարավոր է քաղաքականությունից հեռու զբաղվեր իր բիզնեսով, իսկ քաղաքականությամբ զբաղվեին քաղաքական գործիչները, քաղաքական ուժեր ներկայացնող անձնավորությունները», - հայտարարեց Նոր Կյանքի գյուղապետը:

«Հիմա, վարչապետը մեր, ինչքանով գիտեմ, անկուսակցական է՝ չի ներկայացնում ո՛չ Հանրապետական կուսակցությունը, ո՛չ ինչ-որ այլ իշխանական կուսակցություն, ընդամենը, սա զուտ իմ կարծիքն է, սեզոնային ընդդիմություն է խաղում իշխանության մեջ, եկել է և իշխանության ներկայացուցիչներին մատ է թափ տալիս, իրենց տեղն է ցույց տալիս՝ «ա՛յ դուք էստեղ այս խախտումն եք կատարել, այս չարաշահումներն եք արել, էսպես չի կարող շարունակվել», - նշեց Սարգսյանը՝ հավելելով․ - «Եվ թոզ են փչում ժողովրդի աչքերին, սկսել են իրենց քարոզարշավը դեռևս աշնանից, առաջ են ընկել մնացած ուժերից, և ես այսպես ասեմ՝ իմ կարծիքով, նորից կրկնում եմ, նույն կերպ, ինչպես որ գործում է «Բարգավաճ [Հայաստան]» կուսակցությունը, գործում է «Օրինաց երկիր» [ներկայիս «Հայկական վերածնունդ»] կուսակցությունը՝ նրանք քարոզարշավ են սկսում և դառնում են սեզոնային ընդդիմություն նախընտրական փուլում, գալիս է աշունը՝ նրանք դառնում են ընդդիմություն, ընտրվում անցնում են Ազգային ժողով՝ հուշագիր են ստորագրում, դառնում են կոալիցիոն գործընկեր և ժողովրդին արդեն, իրենց ընտրած զանգվածին և մեր ազգաբնակչությանը նորից կանգնեցնում են կոտրված տաշտակի առջև»:

«Ես նրանց բոլորին ցանկանում եմ հաջողություն իրենց այս ծրագրով Ազգային ժողով հայտնվելու այս ընթացքին, իսկ մեր ժողովրդին կասեի, որ թող ողջամիտ լինեն՝ 17 թվականի ապրիլը հեռու չէ, և ինչ կատարվում է՝ թող ուշիուշով հետևեն և տեսնեն այստեղ միայն ու միայն իրենց շահը, այլ ոչ թե իրենց մատուցվող կուսակցությունների շահը, այն կուսակցությունների, որոնք միշտ իրենց մատուցել են մի բան, բայց արել են լրիվ մեկ այլ բան», - ասաց Նոր Կյանքի գյուղապետը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 6-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG