Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ․ Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային


«Մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը », - երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովի ժամանակ։

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, համաժողովը ՝ նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին:

Նախագահի խոսքով, պետք է հետևողականորեն իրագործել արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակել ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում:

«Այս համատեքստում շատ կարևոր է լիարժեքորեն ներգրավել կանանց մեր երկրի Սահմանադրության բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու գործում: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ թե ավարտեց, այլ սկիզբ դրեց մի շատ կարևոր գործընթացի: Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան: Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»:

Նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները, ըստ Սերժ Սարգսյանի, կարող են իրագործվել միայն և միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում:

«Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը: Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը: Նաև առաջարկում եմ, որ ընդարձակենք մեր հորիզոնը և նայենք այդ երկու-երեք տարուց անդին: Շատ ուրախ կլինեմ ծանոթանալու ձեր գաղափարներին և տեսլականին ավելի երկարաժամկետ կտրվածքով: Եկեք միասին մտածենք, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը մինչև 2020, կամ 2030, կամ նույնիսկ 2040 թվականները: Թող դրանք լինեն հստակ նպատակներ և դրանք իրականություն դարձնելու համար հատուկ մշակված ծրագրեր: Վստահ եմ, որ ձեր կազմակերպությունն ունի նման աշխատանք կատարելու ներուժ», - ասել է նախագահը՝ նշելով․ - «Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է: Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր: Վստահ եմ, որ դա իրականություն դարձնելու գործում էական է լինելու մեր երկրի կանանց մտավոր և կազմակերպական հնարավորությունների լիարժեք բացահայտումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG