Մատչելիության հղումներ

«Էրեբունի» ԲԿ տնօրեն․ Հովհաննես Հարությունյանին անդամահատելու կարիք չկա


Հովհաննես Հարությունյան, արխիվ
Հովհաննես Հարությունյան, արխիվ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր Հովհաննես Հարությունյանի հարազատները, մինչդեռ, պնդում են, որ վերջինիս վիրավոր ոտքի վիճակը վատթարացել է և բժշկական հրատապ միջամտության կարիք կա:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վերք ստացած, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանի հարազատներն ահազանգում են՝ Հովհաննեսի առողջական վիճակն աստիճանաբար վատանում է, վիրավոր ոտքը սևանում է, անգամ՝ անդամահատման կարիք կա։

«Ազատության» հետ զրուցում նրա քույրը՝ Թամարա Հարությունյանն ասաց, որ եղբայրը սուր ցավեր ունի։ «Նման ցավեր անգամ սկզբնական շրջանում չի ունեցել։ Արդեն մոտ 10 կիլոգրամ քաշ է կորցրել»,- ասաց քույրն ու շարունակեց՝ «Բժիշկները խորհուրդ են տվել օրը 3000 անգամ վարժություն անել, բայց նա չի կարողանում այդ սուր ցավերի պատճառով վարժություններ անել։ Մի՞թե իրենք չեն հասկանում դա»:

Քրոջ խոսքով՝ Հովհաննեսի վերքի հետազոտության արդյունքներն ուսումնասիրել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ։ Վերջիններս վստահեցրել են, որ նրա ոտքը վիրահատելու հրատապ անհրաժեշտություն կա։ Անգամ անզեն աչքով երկու ոտքերի միջև տարբերությունը երևում է՝ հիվանդ ոտքը նկատելիորեն բարակել է, ասում է Թամարա Հարությունյանը՝ «Երբ ինքը նստած էր, ոտքն անմիջապես գույնը փոխում էր, իսկ հիմա նստած թե պառկած՝ ոտքն էդպես գունափոխված է։ Եթե միտումը դեպի լավը գնար, պետք է գոնե հավասարվեր մյուս ոտքին, բայց դեպի լավը չի գնում»:

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ Հովհաննես Հարությունյանին անդամահատելու կարիք չկա։ «Մեր բժիշկները պարբերաբար այցելում են վիրահատված հիվանդներին, Հովհաննեսին էլ են այցելել։ Նրան կրկնակի առաջարկել են, որ վարժություններ անի։ Ինքն այդ վարժությունները, չգիտեմ, ճիշտ է անում, կամ անում է, թե ոչ։ Ցանկացած նման կոտրվածք ունեցող հիվանդ պետք է այդ վարժություններն անի»,- ասաց Մանուկյանը:

Վերջինիս խոսքով, բացի Հովհաննեսից, իրենք վիրահատել են նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանին, նրա որդուն և նման վերքեր ստացած այլ հիվանդերի, որոնց վիճակը, ըստ Մանուկյանի, ավելի ծանր է եղել։ Վերջիններս, Մանուկյանի հավաստմամբ, արել են անհրաժեշտ վարժությունները։

ԲԿ տնօրենը նաև հերքեց Հարությունյանի հարազատների այն տեղեկությունները, թե Հովհաննեսի վիրավոր ոտքը սևանում է։ «Երկրորդ անգամ նրան չվիրահատելու որոշումն ընդունել ենք ոչ միայն մենք, այլ նաև հրավիրել ենք ուրիշ հիվանդանոցներից տրավմատոլոգներ, անգամ ներկա է եղել Հայաստանի գլխավոր օրթոպեդ-տրավմատոլոգը, ով համաձայն է եղել այն բուժման հետ, որը մենք նշանակել ենք»,- ասաց Միքայել Մանուկյանը:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը ևս այցելել է Հովհաննես Հարությունյանին։ Ըստ ՄԻՊ մասնագետի՝ Հարությունյանի վերքի զննության արդյունքում պարզվել է, որ նա «ազատորեն ծալում և բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել»:

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է՝ «Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթև արտահայտված կարմրություն»:

Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ զավթելու կամ դրանք պահելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG