Մատչելիության հղումներ

Լևոն Ալթունյան․ Նախարարությունը վերահսկող, քննիչ կառույց չէ


Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արխիվ:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արխիվ:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե արդյոք չի կարծում, որ հասարակական վրդովմունքի պատճառ կարող է դառնալ իր հայտարարությունը, թե «ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները», ասաց, թե անհեթեթ է Առողջապահության նախարարից պահանջել դառնալ դատական բժիշկ, բաժնի վարիչ և մանրամանսություններ իմանալ մահվան ելքով դեպքերի մասին:

Ալթունյանը հայտարարեց, որ նախարարությունը վերահսկող, պատժիչ, քննիչ կառույց չէ և ընդամենը վարչական գործառույթներ է իրականացնում․ - «Ամեն մեկը պետք է զբաղվի իր ֆունկցիաներով: Եվ հենց այդ առումով ես կրկնում եմ, որ Առողջապահության նախարարի գործը չէ․․․ Նույնիսկ եթե նա զբաղվում է դրանով, նա զբաղվում է դրանով հասարակական հիմունքներով՝ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով: Եվ ոչ թե, որովհետև նա Առողջապահության նախարար է․․․ Գալով այստեղ՝ ես որոշել եմ մի սկզբունք որդեգրեմ՝ ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչ մի բան, բացի ճշմարտությունից»:

Հիշեցնենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձորի բժշկական կենտրոնում: Ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդ»-ւմ ու «Շենգավիթ» ԲԿ-ում:

«Բարոյական առումով ես ցավում եմ բոլոր մահացածների համար, բարոյական առումով ես կողմ եմ, որպեսզի ճշմարտությունը ի հայտ գա: Եվ եթե կա մեղավոր, նա կրի իր պատիժը», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Շենգավիթի բուժկենտրոնը ևս ստուգվել ա, «Սլավմեդ»-ի նման, և մեղավորները պատիժ են կրել ադմինիստրատիվ կարգով: էն կարգով, որ կարող ա պատիժ նշանակի Առողջապահության նախարարությունը»:

Նա հայտարարեց, որ մոտ ապագայում կստեղծվի բժշկական օմբուդսեմնի իսնտիտուտը, որը կզբաղվի ոչ միայն բողոքներ ընդունելով, այլև կձեռնարկի կանխարգելիչ քայլեր: «Ազատության» դիտարկմանը, որ շարունակում է չլուծված մնալ «բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, Ալթունյանն արձագանքեց, որ այս խնդիրը դեռ երկար ժամանակ նախարարության տիրույթում չի լինի․ - «Որպեսզի մի քիչ հանգստացնենք կրքերը, մենք մտցնում ենք առողջապահական արձանագրությունները, որոնցից շեղման դեպքում հնարավոր կլինի խոսել, որ դա կարող էր բերել բժշկական սխալի: Ցավոք սրտի, բժշկական սխալի առկայությունը կամ բացակայությունը դեռ երկար ժամանակ դատարանը և դատաբժշկական էքսպերտիզան կորոշի, և ոչ թե Առողջապահության նախարարը»:

Այսօր ավելի վաղ խորհրդարնում, հաջորդ տարվա բյուջեն քննարկելիս, նախարարն ասել էր, որ 2017-ի իրենց բյուջեն կազմում է 85 մլրդ 772 մլն դրամ՝ 3 տոկոսով պակաս, քան նախորդ տարի: Նախարարը, սակայն, վստահ է, որ այդքանն էլ բավարար է բուժծառայությունների որակը և հասանելիությունը 2 անգամ բարելավելու համար:

«Ազատության» դիտարկմանը, թե արդոյք դա նշանաում է, որ նախորդ տարիներին չարաշահումներ են եղել, նախարարն արձագանքեց․ - «Ոչ, չարաշահումների մասին չի խոսքը: Էֆեկտիվ օգտագործելու գաղափարը զուգակցվում է արձանագրությունների գաղափարին, երբ դժվարմարտչելի և թանկարժեք հետազոտությունները նշանակվում են միայն և միայն այն դեպքերում, երբ նրանք անխուսափելի են: Եվ ոչ թե թելադրված են անձի կամ բժշկի ցանկությամբ»:

Վատ վիճակում են մարզային հիվանդանոցները։ Ավելին՝ մարզային հիվանդանոցներում դժվար է գտնել որակյալ բժիշկներ: Այս հանգամանքը թեպետ նախարարը ևս ընդունում է՝ հավելելով, այդուհանդերձ, թե հնարավորություն չկա մասնագիտական բոլոր ուղղություններով բժիշներ ունենալ մարզերում: Իսկ որակյալ մասնագետներին Երևանում պահելով՝ լուծվում է վերջիններին որպես բժիշկ չկորցնելու խնդիրը․ - «Մենք լավ մասնագետներին, տաղանդավոր մասնագետներին պարտավոր ենք ապահովել հիվանդների հոսք, որպեզի իր հմտությունները է՛լ ավելի զարգանան»:

XS
SM
MD
LG