Մատչելիության հղումներ

Վարչապետը Սյունիքում հանդիպել է համայնքների ղեկավարներին


Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից», - նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն: Այդ համատեքստում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել Սյունիքի զարգացման ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է լինելու տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը:

Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր:

Աշխատանքներ են տարվում Կապանում ռետինե նյութերի վերամշակման և խողովակների արտադրության երկու գործարաններ հիմնելու համար, որոնք ևս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր:

Մեկնարկել է «Ես ծնվել եմ Սյունիքում» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել արտերկրում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած սյունեցիներին հարազատ մարզում ծրագրեր իրականացնելու հարցում:

Իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում մսամթերքի և վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը կարևորել է խնդիրների ախտորոշումը և ավելացրել. - «Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը և որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը, փորձեն հասնել նրանց:

«Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG