Մատչելիության հղումներ

Մարզային մի խումբ հեռուստաընկերություններ փակման վտանգի առջև են հայտնվել


Այդ ՀԸ-ների ղեկավարներն իշխանություններից հրատապ քայլեր են պահանջում՝ ծանր իրավիճակից դուրս գալու համար:

Մարզային մի խումբ հեռուստաընկերություններ, որոնք չեն թվայնացվել, բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել՝ «ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու և ոլորտում հավասար պայմաններ ստեղծելու համար»։

Վեց հեռուստաընկերությունների ղեկավարները պնդում են, որ կանգնած են փակման եզրին։ Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Խաչիկ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում մտահոգություն հայտնեց՝ իրենք այսպես երկար չեն գոյատևի։ «1989 թվականից աշխատում եմ, ունեմ փորձված մասնագետներ, ես չգիտեմ այսօր իրենց ինչ ասեմ: Ավելի արդար կլիներ՝ իշխանությունները մեզ ասեին՝ լույսերն անջատեք, գնացեք տուն, քան էսպես հետաձգեն»,- ասաց նա:

«Լոռի թիվի»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը կարծում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, որը բազմիցս փոխությունների է ենթարկվել, միևնույնն է, չի կարգավորում ոլորտը։ «Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշում, թե որքան անգամ է այդ օրենքում կոսմետիկ նորոգումներ կատարվել: Ըստ էության, այս օրենքը շատ հին է, մաշված, չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին»,-ասաց «Լոռի թիվի»-ի տնօրենը:

Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մարզային հեռուստաընկերությունների հետ կապված այս իրավիճակը որակում է որպես «թաքնված գրաքննություն»։ Շեշտում է՝ այն համընկել է նախընտրական շրջանի հետ: «Ընտրությունները պետք է ևս մեկ պատրվակ հանդիսանան, որպեսզի իշխանությունները մեկ անգամ ևս խորը մտածեն, իրավիճակը սթափ գնահատեն ու հասկանան՝ սա այն ժամանակահատվածը չէ, որ մարզային մի շարք՝ արդեն մոտ 20 տարի աշխատած, իրենց լսարանն ունեցող, կայուն աշխատակազմն ունեցող հեռուստաընկերությունները փակվեն»,- ասում է Մելիքյանը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ՝ մարզային հեռուստաընկերությունները թվային հեռարձակում կստանան այն ժամանակ, երբ ստեղծվի թվայնացում իրականացնող մասնավոր մուլտիպլեքս։ Իսկ հեռուստաընկերությունների ղեկավարների մտավախությունները, որ լսարանի կորուստ կունենան, համարում է չափազանցված։

Մինչ պատկան մարմինները սպասում են մասնավոր մուլտիպլեկսների՝ շուկայում հայտնվելուն, մարզային որոշ հեռուստաընկերություններ արդեն փակվում են։ Ժամանակին 25 աշխատակից ունեցող՝ Ալավերդիի «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունն այսօր ընդամենը 4 աշխատակից ունի։ Նրանցից մեկը՝ Էմմա Պետրոսյանը ևս շուտով կլքի սիրելի աշխատավայրը: «Աշխատողների մի մասն արդեն կրճատվել է, հետագայում էլ չգիտենք, թե հեռուստաընկերությունն ինչքան կշարունակի իր գործունեությունը, ես էլ արդեն աշխատանք եմ փնտրում»,- «Ազատությանն» ասաց Էմման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG