Մատչելիության հղումներ

Պաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին: Բացմանը ներկա է եղել նաև այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ԱԳ նախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Աշոտ Հովակիմյանը, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011-ին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթորեն իրականացնել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

Հայաստանի հյուսիսային սահմանին տեղակայված անցակետերի արդիականացման նպատակով 2012-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագիրը:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Վերակառուցված և արդիականացված Գոգավան անցման կետից ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը ուղիղ տեսակապով նախագահին զեկուցել է, որ Գոգավան անցման կետի տեխնիկական մեկնարկը ևս տրվել է, և անցակետը գործում է բնականոն: Սահմանային բոլոր ծառայությունները զբաղեցրել են նախատեսված աշխատանքային տարածքները, սահմանային և մաքսային հսկողության գործառույթներն իրականացվում են ըստ սահմանված ընթացակարգերի:

Սերժ Սարգսյանը կարևորել է անցակետերի տեխնիկական մեկնարկից հետո դրանց պատշաճ շահագործումը, ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը այնտեղ տեղակայված բոլոր մարմինների կողմից, ընդգծելով, որ սահմանային անցման կետից է սկսվում կարծիքը երկրի մասին:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն:

Ակնկալվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո՝ նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին, որոնց վերաբերյալ զեկուցել են Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:

Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել կառուցել նոր, ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող կամուրջ։ Այդ նպատակով Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել անցած տարվա հունիսի 17-ին։

Դեբեդի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված 10,3 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագրի միջոցներով՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը:

Կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017-ին, երբ կամփոփվեն տեխհսկողության խորհրդատուի և կապալառուի ընտրության նպատակով կամրջի նախագծման-շինարարության իրականացման միջազգային մրցույթները և կհայտարարվեն հաղթող ընկերությունները: Պատասխանատուների հավաստմամբ, մրցույթները հայտարարվել և իրականացվում են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում՝ երկու պետությունների համատեղ ուժերով, ինչպես նաև ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակի միջոցով, ինչը երկու երկրների համագործակցության նախադեպը չունեցող գործընթաց է:

Նախատեսվում է, որ կառուցվող կամուրջն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ:

Բագրատաշենում կայացել է նաև Հայաստանի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը, որի ժամանակ, նախագահականի հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին ու Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Վրաստանի նոր խորհրդարանն ու կառավարությունը հետևողականորեն կշարունակեն բարեփոխումների քաղաքականությունը՝ ի նպաստ Վրաստանի հետագա զարգացման և բարգավաճման, ինչպես նաև հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդման:

Զրուցակիցները նշել են, որ երկու բարեկամ և հարևան պետությունները հետևողական զարգացնում են քաղաքական գործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ այդպիսով ամուր հիմք ստեղծելով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Նրանք անդրադարձել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:

Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սարգսյանին նորակառույց սահմանային անցման կետի բացման կապակցությամբ: Նշելով, որ զգալի աշխատանք է կատարվել, Վրաստանի վարչապետը կարևորել է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նրա համոզմամբ, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև հայ-վրացական առևտրատնտեսական գործակցության խորացմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG