Մատչելիության հղումներ

Վրաստանը դատապարտում է ռուս-աբխազական ռազմական համաձայնագրի վավերացումը


Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձե, արխիվ

Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձե, արխիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի Պետդումայում ռուս-աբխազական ռազմական համաձայնագրի վավերացումը, ըստ որի Աբխազիայում Ռուսաստանը ստեղծում է զինված ուժերի միավորված խմբավորում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը համաձայնագրի վավերացումը գնահատում է որպես փաստացի բռնազավթման հերթական անօրինական դրվագ, որը լուրջ սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի կայունության համար։

Միավորված զորախումբ ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ 2015 թվականի աշնանը, իսկ մեկ տարի անց՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին Դուման վավերացրեց այն։

Ըստ համաձայնագրի, միավորված զորախմբի նպատակն է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք ստեղծել, համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ագրեսիային ու կողմերից որևէ մեկի անվտանգության սպառնալիքներին։

«Այդ ամբողջ գործընթացը վկայում է, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի օկուպացված շրջանների սողացող բռնազավթման քաղաքականությունը, ինչն ամբողջովին խարխլում է ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, խախտում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը հարգելու նորմերը», - պայմանագիրը Պետդումայում վավերացնելու հաջորդ օրը հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը՝ շարունակելով. - «Օկուպացված տարածքների ռազմականացման և պարբերաբար անցկացվող զորավարժությունների ֆոնին Աբխազիայում զինված ուժերի միավորված զորախմբի ձևավորումը տեղում է՛լ ավելի է սրում անվտանգության առումով առանց այդ էլ բարդ իրավիճակը և ամբողջ տարածաշրջանի կայունության համար ստեղծում լուրջ սպառնալիք»։

Հայտարարությունում նաև նշված է, որ Ռուսաստանի սադրիչ քայլերի հետ կապված՝ Վրաստանի իշխանությունները բոլոր միջազգային ձևաչափերի, երկկողմ հարաբերությունների կամ բազմակողմ դիվանագիտական մակարդակներով ջանքեր են գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը համապատասխան գնահատական տա Մոսկվայի անօրինական գործողություններին և համապատասխան միջոցներ ընդունի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու նպատակով։

Նոյեմբերի 2-ին Պետդուման պայմանագիրը վավերացրել է 410 ձայնով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին փաստաթուղթը վավերացրել էր Աբխազիայի խորհրդարանը։

XS
SM
MD
LG