Մատչելիության հղումներ

Amnesty International-ի մոսկովյան գրասենյակի փակումը որակվում է որպես ճնշման հերթական փորձ


Կրեմլը շարունակում է ձերբազատվել Ռուսաստանում գործող միջազգային հատուկենտ կազմակերպություններից։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես արժանացավ տասնյակ գործընկեր կազմակերպությունների ճակատագրին. իրավապաշտպան գործունեության համար Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած կազմակերպության մոսկովյան գրասենյակը կապարակնքվել է։ Ինչպես պարզաբանել է Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտը, գրասենյակը բարեխղճորեն չի վճարել վարձակալության վճարը։

Մինչդեռ շուրջ քսան տարի շարունակ գրասենյակի նույն տարածքը վարձակալող կազմակերպությունը պնդում է, որ վարձավճարը երբեք չեն ուշացրել, ավելին՝ պատրաստ են ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: Այս մասին «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը։

Նիկիտինը վստահ է, որ Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտը, որն առաջին անգամը չէ միջազգային կազմակերպությունների մոսկովյան գրասենյակներին տարատեսակ պահանջներով ներկայանում, այս անգամ էլ է պատվեր կատարում՝ այդպիսով հերթական անգամ սկիզբ դնելով ևս մեկ միջազգային կառույցի Ռուսաստանից վտարելու գործընթացին։

Թե՛ կազմակերպության ղեկավարը, թե՛ միջազգային կառույցները կասկած չունեն, որ այս միջադեպը Կրեմլի կողմից միջազգային կառույցների, կամ ինչպես ռուսաստանյան իշխանություններն են հաճախ շեշտում՝ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ ճնշման հերթական փորձն է։ Հատկապես որ բառացիորեն այս միջադեպի նախօրեին հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ, որով ռուսաստանյան իշխանություններից պահանջում էր ազատ արձակել ակտիվիստ Իլդար Դադինին, ով վերջին օրերին բանտից ահազանգել էր իր նկատմամբ խոշտանգումների մասին։

1961 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնված այս կառույցի առաքելությունն էլ, ինչպես պաշտոնապես ներկայացվում է, հենց դա է՝ ուշադրություն հրավիրել մարդու իրավունքների խախտումների վրա։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակի շուրջ ծագած սկանդալին է անդրադարձել նաև պաշտոնական Բրյուսելը՝ ռուսաստանյան իշխանություններից պահանջելով անհապաղ վերանայել գրասենյակի փակման մասին որոշումը, ասվում է Եվրամիության տարածած հաղորդագրությունում։

«Մենք կապի մեջ ենք կազմակերպության հետ, որի ղեկավարությունը պնդում է, որ մոսկովյան իշխանությունների հայտարարած պատճառները միանգամայն սուտ են», - նաև նշվում է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG