Մատչելիության հղումներ

logo-print

Երկու հայազգի ամերիկացիներ մեղադրվում են անօրինական առաքումների փորձի մեջ


Կալիֆորնիայում երկու հայ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ռազմական օդանավի հարյուրավոր դետալներ անօրինական կերպով Իրան առաքելու փորձի մեջ՝ խախտելով Միջազգային տնտեսական արտակարգ լիազորությունների (IEEPA) և Իրանի հետ գործարքների ու պատժամիջոցների կանոնակարգման (ITSR) ամերիկյան օրենքները:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Գլենդելի բնակիչ 52-ամյա Զավիկ Զարգարյանին և Լեյքվյուի բնակիչ 57-ամյա Վաչե Նաիրյանին: Նույն օրը դաշնային դատարանում նրանց մեղադրանք է առաջադրվել: Վերջիններս մեղադրանքը չեն ընդունել, իրենց մեղավոր չեն ճանաչել և գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս գործով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:

Եթե նրանց ներկայացված մեղադրանքը հաստատվի, ապա Զարգարյանին սպառնում մինչև 115 տարվա ազատազրակում և 4 միլիոն 700 հազար դոլարի տուգանք, իսկ Նաիրյանին՝ 95 տարվա ազատազրկում և 3 միլիոն 700 հազար դոլարի տուգանք: Հարուցված գործում ներառված է նաև Զարգարյանի՝ Գլենդելում գրանցված ZNC Engineering ընկերությունը, գործով անցնում են նաև Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի՝ Անրի Տերմինասյանն ու Հորմոզ Նովրուզը, որոնք այժմ, ենթադրաբար, գտնվում են Իրանում:

ԱՄՆ-ի դաշնային դատախազ Էյլին Դեքերն ասել է, թե առաջադրված քրեական մեղադրանքները շատ լուրջ սպառնալիքներ են ազգային անվտանգությանը: «Որպես պետություն, կենսականորեն կարևոր է, որ մենք պաշտպանենք մեր ռազմական տեխնոլոգիաները և կանխենք դրանք ուրիշ երկրների կողմից առանց համապատասխան թույլտվության ձեռք բերելը»,- նշել է նա:

ԱՄՆ-ի Գլխավոր դատախազի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մերի Մըք-Քորդն ասել է. «Մեր պարտականությունը մնում է անփոփոխ՝ հետաքննել ռազմական նշանակության արտադրանքի անօրինական մատակարարումներում և արտահանումներում ներգրավված անձանց գործողությունները»: Ըստ հրապարակված մանրամասների՝ Անրի Տերմինասյանը Իրանից կապվել է Զարգարյանի հետ՝ ռազմական օդանավերի համար նախատեսված դետալներ ԱՄՆ-ից Իրան արտահաելու համար: Այնուհետև նա ժամանել է ԱՄՆ և հանդիպել Զարգարյանի ու դետալները մատակարարողի հետ, որը սակայն, ինչպես հիմա պարզվել է, ներքին անվտանգության գաղտնի գործակալ է եղել:

Մեղադրանքում պնդվում է, որ գործարքի արժեքը շուրջ 3 միլիոն 600 հազար դոլար է եղել, իսկ պահանջվող դետալները հնարավոր է օգտագործել «Ֆանտոմ» տիպի տարբեր սերնդի ռազմական օդանավերում: Խումբը մեղադրվում է նաև 7 հազար ռետինե օղակներ Իրան առաքելու համար: Դրանց մատակարարման հետքերը թաքցնելու նպատակով խմբաքանակները նախ ուղարկվել են Արաբական Միացյալ Էմիրություններ և Քուվեյթ, իսկ հետո՝ Իրան:

Ըստ մեղադրանքի՝ հետաքննությունն ապացույցներ ունի, որ արտահանված խմբաքանակը հանձնվել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերին: Այդ գործարքի համար Իրանի քաղաքացի Հորմոզ Նովրուզը ռազմաօդային ուժերի կողմից պարգևատրվել է: Իրան արտահանված ռետինե օղակները Գլենդելում գնել էր Զարգարյանի ընկերությունը: Նրա ZNC Engineering ընկերության կայքը, որը հիմա էլ գործում է, գովազդում և առաջարկում է աէրո-տիեզերական, ռազմական, ծովային և կոմերցին նշանակության դետալներ, խորհրդատվություն, դիզայն:

Այս ընկերության կողմից գնված ռետինե օղակների արտահանումն իրականացրել էր Վաչե Նաիրյանը: Վերջինիս փաստաբան Մայքլ Շենոնը անցած ուրբաթ New York Daily News-ին ասել է, թե Նաիրյանը զարմացած է: Փաստաբանն ասել է, որ ռետինե օղակների վերջին խմբաքանակի արտահանումը կատարվել է 2010 թվականին: Փաստաբանը տարակուսած է՝ եթե հետաքննությունն այդ գործարքն անօրինական է համարում, ապա ինչու՞ այդքան երկար ժամանակ գործ չեն հարուցել: Նա ասել է, որ իր պաշտպանյալն անմեղ է, և իրենք կպայքարեն դա ապացուցելու համար: Դեկտեմբերի 20-ին մեկնարկող նիստը կվարի ԱՄՆ-ի շրջանային դատավոր Ջեյմս Օթերոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG