Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանյան աղբյուրի, «Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներից


Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ռուսաստանյան «Աերոֆլոտ»-ի դուստր «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը հրաժարվում է դեպի Երևան չվերթներից և պատրաստվում է կանոնավոր չվերթներ իրականացնել Դոնի Ռոստովից Թբիլիսի և Բաքու:

Ավիաընկերությունում իր աղբյուրին հղում կատարելով՝ ՏԱՍՍ-ը փոխանցում է, թե պատճառը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունների բարձր սակագներն են: ««Զվարթնոց»-ում սակագինը 50 եվրո է, ինչն ավելի է, քան մեր տոմսի գինը», - իր աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

«Պոբեդա»-ն, ըստ այս հրապարակման, գերադասում է այն օդանավակայանները, որտեղ համապատասխան ծառայությունների սակագինը կազմում է մոտ տասը եվրո, իսկ որոշ օդանավակայաններում, նույն աղբյուրի պնդմամբ, այդ ծառայությունները նույնիսկ անվճար են։

«Զվարթնոց» օդանավակայանի մամլո ծառայության ղեկավար Գևորգ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ Երևանի միջագզային օդանավակայանում ուղևորի սպասարկման սակագինը ոչ թե 50, այլ 20 եվրո է․ - «Բազմիցս ասել ենք․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գները բարձր չեն: Օդանավակայանի գները մրցունակ գներ են մեր տարածաշրջանում»:

Նրա փոխանցմամբ, այդ 20 եվրոյի մեջ ներառված չէ 10 000 դրամ «օդի հարկը»։ Այսինքն ստացվում է, որ Երևանից թռչող յուրաքանչյուր ուղևոր որևէ դեպքում չի կարող ձեռք բերել որևէ տոմս, որի արժեքը 40 եվրոյից պակաս է։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո Քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը «Պետական տուրքի մասին» օրենքով հանել է միայն «Շիրակ» օդանավակայանից ելքի տուրքի հարկը: «Զվարթնոց» օդանավակայանից չի հանվել այդ գումարը»:

Ռուսաստանյան և հատկապես եվրոպական քաղաքներ չվերթները Երևանից սովորաբար ավելի թանկ են, քան, օրինակ, Թբիլիսիից և Բաքվից։

Հիշեցնենք, այս տարվա հուլիսին, երբ փակվել էր ռուս - վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, Երևան - Մոսկվա տոմսն արժեր 400 դոլարից ավելի: Այդ ժամանակ Երևան ժամանողներից շատերը գերադասում էին Ռուսաստանից մեկնել Թբիլիսի և այնտեղից հասնել Երևան, քանի որ այդպես ավելի մատչելի էր։

Դեռ 2016-ի հուլիսին տեղեկություն տարածվեց, որ «Պոբեդա»-ն պատրաստվում է Դոնի Ռոստով - Երևան չվերթներ իրականացնել: Նախատեսվում էր, որ շաբաթական կիրականացվի 4 չվերթ: Իսկ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան լոուքոստերը արդեն նոյեմբերի վերջից կիրականացնի Մոսկվա-Գյումրի չվերթը։

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը «Ազատությանը» ասել էր․ - «Սա նախադեպ ա, որ բյուջետային ավիաըներությունը մուտք է գործում հայկական շուկա էն ֆորմատով, որ ֆորմատով որ ինքը պետք է լինի: Մասնավորապես, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը մենք «Զվարթնոց միջազգային օդանականներ» կազմակերպության տնօրինության հետ մեկտեղ նախատեսել ենք զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: Գյումրիի օդանավակայանի գները, այո, ցածր են: Երբ մենք օրենքում փոփոխություն արեցինք և վերացրեցինք պետտուրքի պահանջը Գյումրիի օդանավակայանից մեկնող ուղևորների համար․․․ Գյումրիում չի գործում 10 հազար դրամի պահանջը, և «Զվարթնոց միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն իջեցրել է իր սակագները»:

Ոլորտի մասնագետները մտավախություն ունեն, որ մի քանի ամիս հայկական շուկայում աշխատելուց հետո «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը կա՛մ կչեղարկի իր չվերթները, կա՛մ էլ պարզապես կփոխի գնային քաղաքականությունը։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, օրինակ, կարծում է, որ այս քայլը կարող է ուղղված լինել ընդդեմ միակ ազգային ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերության:

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նման մտավախությունը չունի։ Նա խնդիրը այլ հարթությունում է տեսնում․ - «Փորձը ցույց է տվել, որ սկսած «Հայկական ավիաուղիներից», մենք ունեցել ենք ավիաընկերությունների տարբեր մոդելներ: «Հայկական ավիաուղերը»՝ առաջին հայկական ավիաընկերությունը հարյուր տոկոս պետական է եղել: Հետո եղել է «Արմավիան», որը սեփական ավիաընկերություն է եղել և ունեցել է պարիտետ․ այսինքն կառավարության կողմից որոշակի առաջնահերթություններ են տրվել կոնկրետ չվերթների ուղղությամբ: Բայց այդ մոդելն էլ փաստացի ստացվել է, որ Հայաստանում չի աշխատել, արդյունքում սնանկացել է: Հետո «Էյր Արմենիան», հիմա էլ «Արմենիա» ավիաընկերությունը: Փոքր երկրում ավիաընկերությունը ուղղակի զարգանալ սեփական ուժերով երբեք չի կարող: Տեսեք, «Արմենիա» ավիաընկերությունը մուտք գործեց շուկա առանց որևք ակնկալիքի, որ կառավարությունից կստանա որևէ արտոնություն: Մենք ուղղակի ակնկալել ենք հավասար պայմաններ բոլոր ավիաընկերությունների համար: Օրինակ, եթե այսօր ռուսական ավիաընկերությունները Մոսկվայից թռիչք են կատարում Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան, «Զվարթնոց»-ում նրանց համար նույն պայմաններն են, ինչ մեզ համար: Նույնը մենք ակնկալում ենք, որ երբ հայկական ավիաընկերությունը թռիչք է կատարում ցանկացած ռուսական քաղաք, նույն պայմաններով թռչի, որ թռչում են ռուսական կոնկուրենտ ավիաընկերությունները: Դա սահմանված է Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրերով: Այսինք այստեղ խնդիրը ավելի շուտ կառավարությունների մակարդակով պետք է լուծվի»:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, սակայն, ասում է, որ Հայաստանում գործում են «բաց երկնքի» կանոնները․ - «Այն, որ պետությունը պիտի աջակցի ավիաընկերություններին, դրա մասին չի կարող խոսվել, որովհետև «բաց երկնքի քաղաքականությունը» նման բան չի պարտադրում: «Բաց երկնքի քաղաքականության» դեպքում ավիաընկերությունները պետք է կարողանան լինել մրցունակ»:

XS
SM
MD
LG