Մատչելիության հղումներ

Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով գազի սակագների սպասվող փոփոխությանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բյուջեն, կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը:

«Սակագները հետևյալն են՝ 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարից դարձել է 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, ապա ավելի սպառած գազի սակագինը կարող է դառնալ 212 դոլար: Այսպիսով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի, և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա, շուկայի մեծացման հաշվին աշխատի և բիզնեսը շահավետ դառնա», - ասաց վարչապետը:

Մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար «Գազպրոմ Արմենիա»-ն, հիշեցնենք, առաջարկում է մեկ խորանարդ մետր գազի սակագինը 146.7 դրամից դարձնել 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Կարապետյանը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ միասին մինչև հունվարի 1-ը ճշտել սոցիալապես անապահովների ցանկը: Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար: Ավելի քան 45 դոլարի նվազեցման արդյունքում այդ ձեռնարկությունները հնարավորություն կունենան ընդլայնվել:

Վարչապետի խոսքով՝ գազի սակագնի նվազեցման համար հիմք է ծառայել չորս գործոն՝ հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի; սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը; «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը; «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերը՝ «Գազպրոմ»-ը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:

Կառավարությունն այսօր ընդունեց «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում, ըստ որի սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Միաժամանակ առաջարկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սույն որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` նրանց կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:

Կառավարությունն ընդունեց նաև «Գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում: Առաջարկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջինների կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին: Հաշվի առնելով, որ ոլորտի արտադրանքի ինքնարժեքի մեջ գազի տեսակարար կշիռը բավական բարձր է, խթանիչ սակագնի կիրառման դեպքում կբարձրանա արտադրանքի մրցունակությունը, ինչն էլ, ակնկալվում է, կբերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG