Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը հանձնարարել է նախապատրաստել ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագիծ


«Պաշտոնյան պետք է ենթարկվի քրեական պատասխանտվության, եթե նրա ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա եկամուտները», - կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ այսօր հայտարարեց վարչապետ Կարապետյանը՝ հնչեցնելով մի շարք հանձնարարականներ։

Ապրօինի հարստցաման դեմ կատավելիք քայլերը, ըստ վարչապետի, բխում են կառավարության ծրագրից ու կոռուպցիայի դեմ պայքարելու մասին տրված խոստումներից․ - «Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը: Խոսքը գնում է ապօրինի հարստացման քրեականացման նախագծի մասին: Երկրորդը, ապօրինի հարստացման [քրեականացման] նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ: Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով, և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի»:

Կարեն Կարապետյանը մտահոգություն հայտնեց, որ շատ դեպքերում, երբ պաշտոնյան հայտարարագրում նշում է, թե փոխառություն կամ նվիրատվություն է ստացել, հստակ չէ՝ իսկապե՞ս կլոր գումարը նվեր էր, թե՞ ոչ, իսկ կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով․ - Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին, Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը»:

Կարապետյանը անհրաժեշտ է համարում նաև ընդլայնել ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը՝ ըստ այդ պաշտոնների ռիսկայնության։

Այսօր չշրջանցվեց նաև կառավարության կազմում գործող հակակոռուպցիոն խորհրդի հարցը, որի վերագործարկելու և ավելի արդյունավետ դարձնելու մասին խոսում էր նաև նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ փորձելով այդ խորհրդում ներգրավել նաև քաղաքացիական հասարակության անդամների։ Նրանց մեծ մասը, սակայն, պարզապես մերժեց այդ առաջարկը՝ հրաժավելով աշխատել մի խորհրդում, որը ղեկավարում էր նախկին վարչապետը, իսկ անդամներից էին այսօր արդեն պատոնանկ արված Գագիկ Բեգլարյանը և Գագիկ Խաչատրյանը։

«ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ, ընդդիմության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման, սկզբունքների, ինչպես նաև կազմի վերանայման վերաբերյալ», - ասաց Կարեն Կարապետյանը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հիշեցնում է, որ տասնյակ առաջարկներ էին տարել կառավարություն, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա․ - «Կարող է իսկապես էլի մի օր մտածեմ՝ լավ, ջհանդամ, բերեք հանուն հայրենիքի էս էլ անենք․․․ Ինչո՞ւ ինստիտուցիոնալ շարունակականություն չկա․ վարչապետը որ հրավիրեց քաղաքացիական հասարակությանը, հետո լրատվամիջոցների խմբագիրներին, հրապարակային, բաց միջոցառում էր․․․ և էդ ամբողջը փոխանցել հաջորդ կառավարություններին: Հիմա նորից պիտի ամեն հաջորդ վարչապետը գա և ասի, բերեք, նորից բերեք․․․ Ինչ անենք, գնանք․․․»

Արդեն ներկայացված առաջարկներից էին, օրինակ, փոխել հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմը՝ այնտեղ ընդգրկելով հանրության համար վստահելի անձանց, ստեղծել կուռուպցիայի վերաբերյալ հստակ քննչական լիազորություններ ունեցող մարմին, քանի որ, ըստ Բարսեղյանի, կոռուպցիայում արդեն թաթախված իրավապահները չեն կարողանում կատարել այդ գործառույթը։

Այնուամենայնիվ, նրա կարծիքով, եթե անգամ այս կառավարությունը փորձի իսկապես խոսքից գործի անցնել, հեռու գնալ չի կարող․ - «Առաջին, երկրորդ կոշտ շարժումից հետո ասելու են՝ մի րոպե, եղբա՛յր, էս ախպերը մեզ պաշտպանել է ընտրակեղծիքներ անելիս, ցուցարար ծեծելիս, էս մարդուն դու էս ի՞նչ ես անում, մի քիչ մեղմ վերաբերվեք․․․ Լավագույն դեպքում կարող են ինչ-ինչ պաշտոնյաների պաշտոնանկումներ լինել, և վերջ»:

Կոռուպցիայի վերաբերյալ տասնյակ հետաքննություններ իրականացրած «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ևս մեծ հույսեր չի կապում նոր կառավարության վճռականության հետ: Նա հիշեցնում է, որ 2012-ին կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանն էր խոսում, 2015-ին՝ Հովիկ Աբրահամյանը, հիմա էլ՝ Կարեն Կարապետյանը։

Բաղդասարյանը սպասում է իրական քայլերի․ - «Թող ցույց տա: Թող որևէ, չգիտեմ, նախարար վերցնեն, որևէ այլ պաշտոնյա վերցնեն և դրա օրինակով գոնե ցույց տան, որ սա հարստացել ա այսպես, պետությունից էսքան ա գողացել»:

Էդիկ Բաղդասարյանը նկատում է, որ վարչապետի այսօր հնչեցրած հանձնարարություններում ոչինչ չկար պաշտոնյաների արտասահմանում կուտակած ունեցվածքը հայտարարագրելու մասին, ինչպես նաև կեղծ հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաներին պատժելու մասին։

Թեև օրեսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, այնուամենայնիվ, ըստ նրա, եթե եղած օրենքները հենց այս տեսքով գործերին, Հայաստանում այսօր կոռուպցիան այսպիսի խորը արմատներ չէր ունենա․ - «Նույն էթիկայի հանձնաժողովը երբևէ վարույթ չի հարուցել: Ինքը վարույթ պիտի հարուցեր ու հետո հայտարարեր, որ չի կարողանում պարզել, թե էսինչ նախարարի ունեցվածքը որտեղից է հայտնվել, ու հասարակական պահանջարկ ձևավորի, որ դա բացենք»:

XS
SM
MD
LG