Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի հավաքականի վերջին անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահը պատրաստ է հրաժարական տալ, եթե գտնվի արժանի փոխարինող։ Ռուբեն Հայրապետյանը այդ մասին հայտարարեց այսօր՝ հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին ներկայացնելիս:

«Եթե գտնում եք, որ ես եմ պատճառն ու կա էդ մարդը, խնդիր չի, ես պատրաստ եմ։ Ես ամեն ինչ դրել եմ ֆուտբոլում, նվիրվել եմ, առողջությունից սկսած տվել եմ ֆուտբոլին։ Հենց այս պահին էլ եմ պատրաստ։ Ո՞վ է այդ մարդը, որը կարող է անել։ Եթե դուք գտնեք այդ մարդուն, հայտարարեք, թող գա, ցանկություն հայտնի։ Ես այս ամեն ինչը թողնեմ բարձիթողի վիճակում ու հրաժարական տա՞մ, դուք դա համարում եք ճի՞շտ, թե՞ դուք գիտեք՝ ես կառչած եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ Ես պատրաստ եմ, ազնվորեն ասում եմ։ Ես չեմ ուզում, ես էլ եմ հոգնել, ես էլ եմ գտնում, որ կարող է թարմ ուժ գալ, թարմ մարդիկ գան, ավելի լավ բաներ կարող է անի՝ թարմ մտքերով, բայց ո՞ւր են», - ասաց Հայրապետյանը։

Ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպված ասուլիսին շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ պատրաստվում է փոփոխություններ մտցնել հավաքականում, որն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երեք հանդիպումներում պարտություններ է կրել:

«Անպայման լինելու են փոփոխություններ, որոնց մասին այս պահին չեմ ցանկանում խոսել ու վստահ եմ, որ դուք այդ փոփոխությունն ուրբաթ օրը՝ ամսի 11-ին կտեսնեք։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ, թե չէ հաստատ առաջարկը չէի ընդունի, եթե ես վստահ չլինեի, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, որևէ արդյունք ստանալ», - նշեց Արթուր Պետրոսյանը։

Չնայած հավաքականի անհաջողություններին՝ ֆեդերացիայի նախագահն ասաց, որ նախկին գլխավոր մարզչին ինքը չի հեռացրել: «Ես մարզիչին չեմ հանել աշխատանքից, հայտնի պատճառներով՝ երկրպագուների կոչերի, ավելին ասեմ, սոցիալական ցանցերում հայհոյանքներ, վիրավորական խոսքեր են գրել՝ ինքը հրաժարական է տվել», - ասաց ՀՖՖ նախագահը։

Անդրադառնալով հայկական ֆուտբոլում ստեղծված ծանր վիճակին՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շուրջ մեկ ամիս առաջ ասել էր, որ նախարարությունը պատրաստվում է հրավիրել փորձագետների՝ իրավիճակն ուսումնասիրելու համար: Այսօր Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց նախարարին այլ զբաղմունք գտնել․ - «Խորհուրդ կտայի իրեն զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ, իր մոտ դա շատ ավելի լավ է ստացվում։ Նա այնքան չգիտի, որ ֆուտբոլով իրավունք չունի սպորտի նախարարությունը զբաղվի։ ՖԻՖԱ-ի կանոնակարգը երբ որ կարդա, կհասկանա, որ եթե ինքը հանկարծ փորձի նման բան անել, Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի կառավարությունը ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվեն»։

Գյումրիի «Շիրակ»-ի և ազգային հավաքականի երբեմնի հայտնի ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ ֆուտբոլի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին՝ Աշխարհի գավաթի նախընտրական փուլում մրցելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG