Մատչելիության հղումներ

Քարփինթեր․ ԱՄՆ-ն և Հայաստանը քննարկում են ռազմական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը


ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը «Ազատության» տաղավարում, Երևան, 2-ը նոյեմբերի, 2016 թ․
ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը «Ազատության» տաղավարում, Երևան, 2-ը նոյեմբերի, 2016 թ․

ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում անդրադառնում է իր երևանյան այցի արդյունքներին, գնահատում տարածաշրջանային իրողությունները:

«Ազատություն» - Շնորհակալություն, որ ժամանակ գտաք «Ազատության» հետ զրուցելու: Այստեղ՝ Երևանում դուք հանդիպումներ ունեցաք նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Ենթադրում եմ` քննարկել եք ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև: Վաշինգտոնում բավարարվա՞ծ են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկայիս մակարադակով: Կա՞ն արդյոք խոչընդոտներ՝ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության համար, նկատի ունեմ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական սերտ հարաբերությունները:

Մայքլ Քարփինթեր- Հայաստանի հետ հիանալի համագործակցություն ունենք մի շարք ոլորտներում: Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությանը, իր զորքով նպաստում է Կոսովոյում «Քեյֆոր» (Kfor) առաքելությանը, ապացուցում է, որ պատրաստ է ու ի վիճակի է իր նպաստը բերել միջազգային տարբեր խաղաղապահ ջանքերին: Ունենք շատ լավ գործընկերություն Հայաստանի հետ: Այստեղ վերապատրաստումներ ու համատեղ զորավարժություններ ենք անցկացնում, ունենում ենք առողջ քննարկումներ, խորհրդակցություններ:

Այնպես որ, ընդհանուր առմամբ, մենք շատ գոհ ենք համագործակցության մակարդակից: Իհարկե, կցանկանայինք խորացնել այն և անել ավելին: Դա այստեղ իմ քննարկումների հարցերից մեկն է, թե որ ուղղությամբ կարող ենք ընդլայնել մեր վերապատրաստումները: Մինչ այստեղ գալս ականատես եղա, թե ինչպես են ամերիկացի զինվորականները վերապատրաստում հայ ռազմական բժիշկներին՝ մարդկային կյանքեր փրկելու համար: Ուրախալի է տեսնել, որ այս ջանքերը պտուղներ են տալիս: Եվ այժմ մենք դիտարկում ենք [համագործակցությունն] ընդլայնելու հնարավորությունները:

«Ազատություն»- Ձեր կարծիքով ռուս-ամերիկյան հակասությունները կարո՞ղ են որոշակի ազդեցություն ունենալ հայ-ամերիկյան ռազմական ու քաղաքական հարաբերությունների վրա:

Մայքլ Քարփինթեր- Չեմ թաքցնի այն փաստը, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներկայում ունեն շատ բարդ հարաբերություններ: Մենք տարակարծություներ ունենք բազմաթիվ հարցերում: Մեզ համար անընդունելի է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարումը: Մենք համաձայն չենք Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությանը և կարծում ենք, որ այն յուղ է լցնում Սիրիայի քաղաքացիական պատերազմի կրակի վրա:

Չեմ թաքցնի, որ բազմաթիվ ուղղություններում ունենք հակադիր տեսակետներ, թե ինչպես պետք է լուծել տարբեր հակամարտությունները: Սակայն, այստեղ՝ Հայաստանում և տարածաշրջանում մենք գործընկերներ ենք, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ու մենք ձգտել ենք համագործակցաբար աշխատել այս տարածաշրջանում: Մեր շահերից է բխում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այնպես որ, մենք պատրաստ ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ և փորձել գտնել այդ լուծումը, եթե դա հնարավոր է:

«Ազատություն»- ԱՄՆ-ին չի՞ մտահոգում այն, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Հայաստանում, և Հայաստանը կարող է օգտագործվել ռուսների կողմից՝ իրենց ռազմական նպատակաների համար:

Մայքլ Քարփինթեր- Մենք հակասություններ ունենք Ռուսաստանի հետ 2008 թվականին Վրաստանում ու 2014 թվականին Ուկրաինայում նրա գործողությունների հետ կապված․․․ մենք չենք կարծում, որ 21-րդ դարում պետություններին հարիր է խախտել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը:

Եվ երբ Ռուսաստանի նման երկիրը ռազմական միջամտություն է իրականացնում Վրաստանում կամ Ուկրաինայում՝ փորձելով թելադրել այդ երկրներին, թե ինչպիսի ապագա նրանք պետք է ունենան, մենք համարում ենք ենք, որ դա տեղին չէ: Բայց նույն սկզբունքով Հայաստանն էլ իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը: Եվ եթե Հայաստանին գոհացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա մենք ևս գոհ ենք: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում զսպել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է:

«Ռուսաստանի կողմից սպառազինության մատակարարումը լրջորեն ապակայունացնում է իրավիճակը»

«Ազատություն»- ԱՄՆ պաշտպանության նախարարությունում դուք պատասխանատու եք սովորական սպառազինությունների վերահսկման համար: Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ են: Մյուս կողմից գիտենք, որ Ռուսաստանը մեծածավալ սպառազինություն է վաճառել (և այժմ էլ վաճառում է) Ադրբեջանին: Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի վերաբերյալ, ի՞նչ է սա նշանակում տարածաշրջանի և ղարաբաղյան հակամարտության համար:

Մայքլ Քարփինթեր- Դա Ցավալի է, ու իրավիճակը լրջորեն ապակայունանում է, երբ որևէ երկիր իրականացնում է սպառազինության մատակարարումներ մի տարածաշրջան, ուր ամեն ամիս շփման գծի երկայնքով երկու կողմերից զոհեր են լինում: Կարծում եմ, որ մի երկրի համար, որը միջնորդ է հանդիսանում, զենք վաճառելը կամ տրամադրելը հարիր չէ: Մեր քաղաքականությունը, գիտեք, կայանում է նրանում, որ չտրամադրենք լրացուցիչ ռազմական հնարավորություններ: Դա չի նշանակում, որ մենք չունենք պաշտպանության ոլորտում հարաբերություններ Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Բայց կարծում եմ, որ այսպիսի տարածաշրջան զենք ու ռազմական միջոցներ մատակարարելը հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը չէ:

«Ազատություն»- Այդ հարցը քննարկե՞լ եք ռուսների հետ:

Մայքլ Քարփինթեր- Մենք քննարկել ենք այդ հարցը: Ըստ էության, Ռուսաստանի հետ բաց երկխոսության մեջ ենք մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ այստեղի իրավիճակը, Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված հարցերը: Ի դեպ, թույլ տվեք ասել հետևյալը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին․ թեև իմ հիշատակած շատ հարցերի շուրջ մենք ունենք տարաձայնություններ, այնուամենայնիվ, մենք փորձում ենք պահպանել երկխոսությունը և համագործակցել այնտեղ, որտեղ դա հնարավոր է:

Այնպես որ, եթե դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա մենք, իհարկե, դա անում ենք: Մինչ օրս, ըստ էության, ունեցել ենք ողջամիտ համագործակցություն այդ ձևաչափում և այլ ոլորտներում: Նկատի ունեմ, որ դուռը բաց ենք պահում՝ ռուսների հետ Սիրիայի հարցի շուրջ խոսելու և ընդհանուր եզրեր գտնելու համար: Չնայած՝ պետք է ասեմ, որ ներկայում դա չենք գտնում: Հետագայում ևս շարունակելու ենք փնտրել ընդհանուր եզրեր:

«Ազատություն»- Մտահոգություն չունե՞ք, որ Ղարաբաղում կարող է նորից պատերազմ սկսվել:

Մայքլ Քարփինթեր- Տեսեք, իրավիճակն այնտեղ շատ լարված է: Այն իրադարձությունները, որոնց ականատես եղանք ապրիլին, դրա վառ ապացույցն են: Այն փաստը, որ, ինչպես արդեն նշեցի, շփման գծի երկայնքով զոհեր են եղել, ցույց է տալիս, որ այս հակամարտությունն ամենևին էլ սառեցված չէ: Մենք մտահոգված ենք, որ հնարավոր է լարվածության աճ: Վտանգավոր իրավիճակ է, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ գտնել դիվանագիտական լուծում:

«Ազատություն»- Վերջին հարցը վերաբերում է Թուրքիային: Հաշվի առնելով Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ դուք սպառնալիք տեսնու՞մ եք տարածաշրջանի համար, ո՞րն է ձեր գնահատականը Թուրքիայում և այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մայքլ Քարփինթեր- Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ու կարևոր գործընկերը տարածաշրջանում: Այն դերակատարում ունի տարբեր տարածաշրջաններում՝ Լևանտում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Բալկաններում, դեպի հյուսիս և Հարավային Կովկասում: Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այնպես որ, մենք տեսնում ենք մեր դերը՝ (ու այստեղ ես խոսում եմ Միացյալ Նահանգների, Պենտագոնի մասին) կամուրջ ծառայել Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի ու տարածաշրջանում նրա տարբեր գործընկերների միջև:

Մենք, անշուշտ, սերտ հարաբերություններ ունենք մեր թուրք գործընկերների հետ՝ ցանկացած սպառնալիքի դիմակայելու հարցում, ներառյալ՝ Իրաքում ու Սիրիայում «Դաեշ»-ին («Իսլամական պետություն») պարտության մատնելը և դրա տարածումն աշխարհում կանխելը, ինչը մեր ազգային անվտանգության առաջնահերթություններից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG