Մատչելիության հղումներ

logo-print

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն և նրա գլխավորած պատվիրակության անդամները Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Անդրեյ Դանկոն և պատվիրակության անդամները Սլովակիայի Ազգային խորհրդի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։

«Վշտակցելով և մեծ հարգանքով խոնարհվելով այս հուշարձանի առաջ՝ ես երբեք չեմ փորձում թաքցնել արցունքներս», - ասել է Դանկոն։

Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Սահակյանը կարևորել է Սլովակիա-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը, ինչը, ըստ նրա, կխթանի խորհրդարանական կապերի զարգացումը:

Բարձր գնահատելով Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու ցեղասպանությունների ժխտման քրեականացումը՝ Գալուստ Սահակյանն ասել է. - «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց հետագա կանխարգելման համար»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել այդ հարցում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել բանակցությունների գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ մշակված փաստաթուղթը համատեղ հանձնառության լավագույն երաշխիք կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում: Հաշվի առնելով, որ Սլովակիան այս տարի ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ակնկալում է Սլովակիայի աջակցությունը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Անդրեյ Դանկոն վերահաստատել է, որ Սլովակիան դատապարտում է մարդկության դեմ նման հանցագործություն իրագործողներին, և հավելել. - «Անցյալ տարի ես զգացի ձեր ազգի մեծ ցավը, ես ևս ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, և խնդրում եմ ընդունեք մեր պատվիրակության այցը Հայաստան՝ որպես հարգանք ձեր նախնիների հիշատակին»:

Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG