Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն ու Իրանը նախաստորագրել են փոխըմբռնման հուշագիր գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ


էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության պատվիրակության՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։

Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ընկերության միջև։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Իրան կատարած այցի շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։

Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության տնօրեն Հ. Արաղի և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվել են գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի և նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ։ Հանդիպումների առանցքում եղել են էլեկտրաէներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալների մեծացման հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի առկա թողունակության շրջանակներում Հայաստան-Իրան-Վրաստան փոխհոսքերի ավելացմանը, ինչպես նաև սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությանը։

Հայաստանի պատվիրակությունն այցելել է իրանական «Մափնա» ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում։ Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է։

Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG