Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մանաթի արժեզրկումը «անխուսափելիորեն շարունակվելու է»


Ադրբեջանում միայն անցած մեկ ամսվա ընթացքում մանաթը տասը տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Ընդ որում, ըստ փորձագետների, այս անկումը անխուսափելիորեն շարունակվելու է:

Նախօրեին Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է, թե հոկտեմբերին արժութային պահուստները նախորդ ամսվա համեմատ կրճատվել են ավելի քան 127 միլիոն դոլարով՝ հասնելով 4․5 միլիարդ դոլարի:

«Սա ամենացածր ցուցանիշն է Ադրբեջանում վերջին 8 տարիների մեջ», - սոցիալական ցանցում գրել է տնտեսագետ Սամիր Ալիևը՝ մանրամասնելով․ - «Արժութային պահուստները հասել են ճգնաժամային մակարդակի: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է ավելի քան 40 տոկոս»:

«Այս իրավիճակում մանաթի դիրքերը շարունակելու են թուլանալ, քանի որ Ադրբեջանի կառավարությունն այլևս չի ցանկանում արժութային պահուստներն օգտագործել ներկայիս կուրսը պահելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասում է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:

«Առաջիկայում մանաթի նկատմամբ ճնշումներն ավելանալու են միջազգային զարգացումների, նավթի գնանկման, ինչպես նաև ներքին շուկայում առկա սուր խնդիրների պատճառով: Ադրբեջանը մեծապես կախված է ներկրումներից, և քանի որ առջևում Ամանոր է, ակնկալվում է, որ սպառումը կավելանա՝ նպաստելով ազգային արժույթի արժեզրկմանը», - ասում է տնտեսագետը:

Սա իր հերթին բերելու է ներկրվող ապրանքների 15-18 տոկոս թանկացմանը, զգուշացնում են տնտեսագետները:

Նաթիկ Ջաֆարլու խոսքով, ներքին շուկայում գնաճն արդեն ակնհայտ է, թանկանում է անգամ այն ապրանքը, որը բերվել էր մանաթի նախկին կուրսով, քանի որ գործարարները պետք է ստացած եկամտով նոր խմբաքանակ ներկրեն․ - «Տնտեսության որոշ ճյուղերում, այդ թվում՝ պատրաստի հագուստի, դեղորայքի, էլեկտրատեխնիկայի, պահեստամասերի ոլորտում, Ադրբեջանը ամբողջովին կախված է ներկրումներից, ներքին արտադրություն չկա: Սննդամթերքի շուկայում այս կախվածությունը հասնում է մոտ 50 տոկոսի, և բնականաբար, մանաթի արժեզրկումը բերում է թանկացման»:

«Կառավարությունը որքան էլ հայտարարի, չի կարող զսպել թանկացումը ճնշումներով», - իր հերթին պնդում է Ադրբեջանի ազատ սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովը՝ հավելելով․ - «Գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը շատ հեռու է իրականությունից: Ադրբեջանի վիճակագրական ծառայությունը պնդում է, թե անցած տարվա համեմատ սննդամթերքը թանկացել է ընդամենը 12 տոկոսով, մինչդեռ սպառողները պնդում են՝ թանկացումը չափվում է անգամներով»:

Ընդ որում, ըստ փորձագետների, ապրանքների շարունակական թանկացմանը նպաստում է ոչ միայն մանաթի արեզրկումը, այլև այս ամսվանից մաքսատուրքերը բարձրացնելու կառավարության որոշումը:

«Կառավարությունը հայտարարեց, թե գնացել է այդ քայլին ներքին արտադրողին պաշտպանելու համար, բայց նախ պետք է հասկանալ՝ կա՞ այդ արտադրողը ընդհանրապես: Առայժմ ներքին արտադրության ծավալները անկարող են բավարարել շուկայի պահանջարկը: Այնպես որ, անհրաժեշտ էր նախ ներքին շուկան զարգացնել, հետո մտածել այն պաշտպանելու մասին», - ասում է տնտեսագետը՝ չբացառելով, որ այս քայլով իշխանությունները պարզապես ուզում են պետական գանձարանը լցնել:

Ըստ Համաշրահային բանկի վերջին զեկույցի, ակնկալվում է, որ Ադրբեջանի տնտեսությունը այս տարի առաջին անգամ անկում կարձանագրի 1995 թվականից ի վեր:

«Սա զարմանալի չէ մի երկրի համար, որի տնտեսությունը ամբողջապես կախված է նավթից», - փաստում է Ջաֆարլին՝ ընդգծելով․ - «Ընդամենը երկու տարի առաջ Ադրբեջանը տարեկան նավթի վաճառքից ստանում էր 16-17 միլիարդ դոլար: Հիմա նավթի գնանկման հետևանքով այդ ցուցանիշը գրեթե երեք անգամ նվազել է, մինչդեռ ծախսերը գրեթե նույնն են մնացել»:

XS
SM
MD
LG