Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լավատես չեն, թե վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն արմատական փոփոխություններ կիրականացնի:

Այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը հասարակական կազմակերպությունների անդամները քննադատում էին նոր կառավարության ծրագիրը:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն առհասարակ համոզված է, որ այս իշխանության օրոք ով էլ լինի, ինչ ծրագիր էլ բերի, չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել։

«Ֆիզիկական կամ մաթեմատիկական ապացույցը կա, որովհետև այս համակարգի ծնունդ կառավարությունը չի կարող փոխել համակարգը, և դա վանդակի մեջի սկյուռիկի վազքի է նման։ Ինչքան էլ ջանքեր փորձեն ներդնել, ցույց տան ինչ-որ բաներ՝ ելույթներով, կոսմետիկայով փորձեն տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան են փոխում... ո՛չ, Սերժ Սարգսյանի իշխանությունը զավթիչ է և մնում է զավթիչ», - ասաց Բարսեղյանը։

Նա վստահ է, որ Կարապետյանը չի էլ փորձելու կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմն առնել, որ համակարգն էլ խանգարի նրան։ «Նշանակվում են որպես վարչապետեր այնպիսի մարդիկ, որոնք ձեռքերն աջ ու ձախ չեն շպրտելու, շպրտելու են միայն հանձնարարված ուղղությամբ։ Ո՛չ Սարգսյանը, ո՛չ Աբրահամյանը, ո՛չ էլ Կարապետյանն արմատական փոփոխություն, գոնե կոռուպցիայի, կամ ընտրական կոռուպցիայի մասով անել չեն կարող, չեն ուզում։ Ուշադրություն դարձրեք կոռուպցիայի գլխին՝ ծրագրի միջի, այնտեղ ընտրական կոռուպցիան ընդհանրապես չկա նշած։ Դրանից բխում են մնացած բոլոր չարիքները՝ անպատժելիությունն է, անօրեն մոնոպոլիաներն են, անիրավ հարստացումն է և այլն, և այլն», - ասաց Բարսեղյանը։

Գլոբալիզիացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանն անդամակցում է ոչ թե Եվրոպական, այլ Եվրասիական Միությանը, ուր ընդունված չէ հաշվի նստել հանրության հետ։

«Ոչ թե ծրագրեր, ինչ-որ բառեր գրել, նախադասություններ... քաղաքական կամքի խնդիր, շատ կոնկրետ մեկ երկու մենաշնորհ ջարդել, օրինակ, շաքարավազ թույլ տալ, որ ներկրեն այլ խաղացողները ու երկրորդը՝ շատ կարևոր է, «Գազպրոմ»-ից խլել մենաշնորհը գազի հետ կապված։ Դա նորմալ երևույթ չի, երբ որ գազի գինն այսօր, որը մեր վրա են ծախում, ոչ թե սահմանում են ստանում մերոնք, ուղիղ երկու անգամ մեծ է, քան թե Վրաստանի համար», - ասաց Գրիգորյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ տարակուսած է՝ ինչու է կառավարությունը հատուկ կենտրոնացել Ռուսաստանի ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերությունների խորացման վրա։

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները մեր փաստացի ռազմական թշնամուն հիմնական զինողներն են։ ՀԱՊԿ անդամ պետություններից երկուսը բացահայտ քաղաքական աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանին։ ՀԱՊԿ անդամ պետություններից որևիցե մեկը չդատապարտեց Ադրբեջանին, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Հայաստանի անվիճարկելի մասը համարվող Տավուշի մարզը», - ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Պետք է ոչ միայն դատապարտեն Ադրբեջանին, այլ ռազմական աջակցություն առաջարկեն Հայաստանին։ Դժվար է ասել, թե ընդհանրապես ում է պետք այդպիսի միությունը»։

Հելսինկյան քաղաքացիական կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նոր կառավարության ծրագրում ոչինչ չի գտել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները կատարելու մասով՝ խոսքի ազատության, քրեակատարողական հիմնարկների, խտրականության, ընտանեկան բռնության վերաբերյալ։ «Դրանք չկային, մնացածն ամեն ինչը, ասենք, գրված էր՝ «11 քրեակատարողական հիմնարկներն ապահովել բժշկական սարքավորումներով»։ Կներեք, բայց դա Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող օգնություն է, ծրագրի շարունակություն է, որը ներկայացվել է որպես կառավարության ծրագիր», - ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը խիստ կասկածում է, թե հայտարարված բարեփոխումները կազդեն արդարադատության վրա, քննիչներն անկախ կգործեն, կամ դատավորներն այսուհետև Բաղրամյան 26-ից իջեցված վճիռները չեն կարդա։ «Մենք դատական իշխանություն չունենք, մենք ունենք դատական համակարգ՝ կախված լրիվ հանրապետության նախագահից։ Քանի դեռ չի տարանջատված դատական իշխանությունը գործադիրից, երբևէ չհավատաք, որ Հայաստանում կլինի ժողովրդավարություն և մարդու իրավունքները պաշտպանված կլինեն», - ասաց Իշխանյանը։

Հաջորդ շաբաթ քաղհասարակության ներկայացուցիչները քննարկելու են ծրագրի տնտեսական բաղադրիչը:

XS
SM
MD
LG