Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոնը պահանջում է բացահայտել «Թրամփ - Ռուսաստան» կապը


Հիլարի Քլինթոնը և Ֆոնալդ Թրամփը:

Հիլարի Քլինթոնը և Ֆոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահական սկանդալային ընտրարշավը մոտենում է ավարտին:

Ճիշտ մեկ շաբաթ անց հայտնի կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի անունը: Բազմաթիվ սկանդալներով ուղեկցվող այս ընտրարշավը մտել է վճռորոշ փուլ:

Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը շարունակում են միմյանց պախարակել և մեղադրել տարատեսակ հանցանքների մեջ: Այս ընթացքի մեջ ակամա ներքաշված է նաև Հետաքննությունների դաշնային գործակալությունը:

Միացյալ Նահանգների նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համակարգող Ռոբի Մուուքը Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմիից պահանջել է հրապարակել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ռուսաստանյան կապերի մասին տեղեկությունները և քննադատել է գործակալությանը Քլինթոնի վարկանիշին վնաս հասցնող տվյալներ հրապարակելու համար:

Ըստ դեմոկրատների ճամբարի, գործակալությունը կամա թե ակամա կողմնակալություն է դրսևորում, քանի որ հրապարակում է թեկնածուներից մեկի համար ոչ բարենպաստ նյութեր: Մուուքի դիրքորոշումը, թերևս այս է. եթե սարսափազդու FBI-ը՝ Հետաքննությունների դաշնային գործակալությունը, մեծ եռանդով զբաղվում է Հիլարիի էլեկտրոնային նամակարգության հարցով, եթե նույնիսկ որոշել է պեղել արխիվներն ու վերհանել թեկնածուի ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մի հրամանագիր և կասկածի տակ առնել դրա օրինականությունը, թող բարի լինի և բացահայտի նաև Դոնալդ Թրամփի կասկածելի ստվերային կապերը Ռուսաստանի հետ:

Ջեյմս Քոմիի ղեկավարած գործակալությունն ամիսներ առաջ նախնական քննություն է վարել ռուս գործարարների հետ Թրամփի և նրա օգնականների առնչությունների մասին, ապա հայտնել է, որ ամբողջական քննություն սկսելու հիմքեր չկան:

Մինչդեռ, ընտրություններից օրեր առաջ գործակալույունը հաղորդել է տիկին Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության սկանդալին վերաբերող նոր նյութերի առկայության մասին, ինչն էլ նրա ընտրարշավի համակարգող Մուուքին ստիպել է հանդես գալ այս հայտարարությամբ:

«Եթե զբաղվում եք թեկնածուներին վերաբերող հետաքննությամբ, եթե հրապարակում եք տեղեկություններ, ուրեմն հրապարակեք նաև այն ամենը, ինչն առնչվում է Դոնալդ Թրամփին: Հրապարակեք ռուսների հետ նրա կապերի մասին նյութերը», - CNN-ի թղթակցին ասել է Մուուքը:

Հանրապետականներն անմիջապես օգտվել են էլեկտրոնային նամակագրության հարցում Քլինթոնի անփութության մասին վկայող նոր փաստերից և կոչ են արել դեմոկրատ թեկնածուի աջակիցներին փոխել դիրքորոշումը:

Բանն այն է, որ մի շարք նահագներում՝ Միչիգանում, Փենսիլվանիայում, Մինեսոթայում, Վիսքոնսինում, նախքան ընտրությունների օրը քվեարկած քաղաքացին կարող է նոր քվեաթերթիկ ուղարկել կամ ընտրության օրն անձամբ ներկայանալ ընտրատեղամաս և քվեարկել, և վավերական կհամարվի նրա վերջին քվեաթերթիկը:

«Ահա ուղերձս նրանց, ովքեր արդեն քվեարկել են հօգուտ Հիլարի Քլինթոնի և հիասթափվել են՝ գնացեք փոխե՛ք ձեր քվեն, Վիսքոնսինում և այյլ նահանգներում, որտեղ թույլ են տալիս նախապես ընտրել, գնացեք փոխե՛ք ձեր քվեն, եթե կարծում եք, որ սխալվել եք», - ասել է Թրամփը:

Իսկ ռուսների հետ Թրամփի հնարավոր կապերի մասին տեղեկություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Slate անվամբ համացանցային պարբերականը հաղորդեց, որ ըստ համացանցի հեղինակավոր մասնագետների, Թրամփի կազմակերպության էլեկտրոնային կապի սերվերները հազարավոր կապեր են հաստատել Մոսկվայում գտնվող Alfa Bank ռուսական ընկերության հետ:

Թրամփի ընտրարշավի խոսնակ Հոուփ Հիքսն ասել է, թե այս խողովակներով ընդամենն ուղարկվել են հյուրանոցային բիզնեսին վերաբերող գովազդային նյութեր, իսկ նշված սերվերներն այլևս չեն գործում:

Բայց դեմոկրատ թեկնածուն այդ հարցին անդրադառնալու առիթը բաց չի թողել․ - «Մենք պահանջում ենք, որ Թրամփն անմիջապես հրապարակի իր հարկերի թղթերը: Ամերիկայի ժողովուրդն ունի այդ գործարքների մասին տեղեկություն ստանալու իրավունք, արդյո՞ք նա տուգանք է վճարել օրենքը շրջանցելու համար: Ինձ հատկապես հետաքրքրում են ռուսների հետ նրա գործարքները»:

Բանավեճին միջամտել է նաև նախագահ Բարաք Օբաման, ով Օհայո նահանգում նախընտրական հանդիպման ընթացքում կոչ է արել քվեարկել հօգուտ Քլինթոնի և ասել է, որ Թրամփը բացարձակապես զուրկ է նախագահի համար անհրաժեշտ որակներից:

«Նա իր խառնվածքով պարզապես չի կարող լինել գլխավոր հրամանատար», - ասել է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG