Մատչելիության հղումներ

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը կեզրափակվի «Ռիգոլետտո»-ի համերգային կատարմամբ


Սեպտեմբերին մեկնարկած Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կեզրափակի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո»-ի թատերականացված համերգային կատարմամբ:

«Ազատության» հետ հարցազրույցում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանն ընդգծեց․ - «Վերջին ժամանակներս մենք էդպիսի ավանդույթ ունենք [համերգային կատարումներով ներկայացնել համաշխարհային լավագույն օպերաները], և հանդիսատեսին կարծես շատ դուր է գալիս այդ տեսակը: Շատ չնչին գումարներով մենք կարողանում ենք ոչ միայն երգը, այլ նաև խաղը ցույց տալ բեմի վրա: Դրանով արդեն կավարտվի փառատոնը, բայց չի ավարտվի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը, այն մինչև տարեվերջ կլինի: Եվ նորից մեկ անակնկալ ունենք․ տարեվերջին մենք պատրաստում ենք «Շչելկունչիկ» բալետի երաժշտության հիման վրա արված մի շատ հետաքրքիր 3D ներկայացում, որից, կարծում եմ, փոքրիկ, նաև ավագ հանդիսատեսը շատ մեծ հաճույք կստանա»:

Սիրունյանը հավելեց, որ փառատոնի ծրագրում ներառված, բայց հետաձգված համերգը՝ նվիրված Առնա Բաբաջանյանի 95-ամյակին, տեղի կունենա նույեմբերի 25-ին․ - «Շատ ավելի մեծ արտիստներով կունենանք այդ համերգը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց կարծում եմ, մեծագույն տոն կլինի մեր երաժշտական աշխարհի համար»:

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 10 տարի առաջ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի կողմից: Անցած տարիների ընթացքում մեր երաժշտասերները հնարավորություն են ունեցել ունկնդրել աշխարհահռչակ երաժիշտների կատարումները:

Անդրադառնալով այսօրվա համերգով ավարտվող փառատոնին՝ Ռուզան Սիրունյանն ասաց․ - «Այս տարի փառատոնի տասնամյա հոբելյանն էր, շատ-շատ մեծ հյուրեր ունեցանք փառատոնի շրջանակներում: Կարծեմ, որ ամեն համերգը յուրովի մի տոն էր Հայաստանի երաժշտական աշխարհում»:

XS
SM
MD
LG