Մատչելիության հղումներ

Աշոտյանը Ծառուկյանի մասին. «Իր բոլոր մտորումներն իր ներքին գործն են»


Իշխող հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ոչ վաղ անցյալում հրապարակավ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան առաջարկեց չխառնվել գործարար պատգամավորի ներքին գործերին։

«Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը, ըստ իս, չի հայտարարել իր վերջնական որոշման մասին՝ վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումները իր ներքին գործն են։ Ես առաջարկում եմ Ձեզ չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին», - ասաց նա։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին Ծառուկյանը ակնարկեց լրագրողների հետ զրույցների ընթացքում, նույնիսկ հայտարարեց՝ պետք է խնդրեն, որ վերադառնա։

«Ամեն մեկը պետք է գիտակցելով, որպես հայ, ոչ թե անձնական շահի մասին մտածելով, այլ երկրի, ժողովրդի: Ոչ թե մուտիլովկեք անի, այլ ռեալ պետք է իր գործով զբաղվի: Ծառուկյանը կայացած մարդ ա, ունևոր մարդ ա, հարգարժան մարդ ա աշխարհով մեկ, քաղաքականությամբ չի ապրում, կարա ծանրության մեջ մտնի` օգնելու, աջակցելու, որն ամեն օր անում է: Կարամ առանց քաղաքականության էլ անեմ: Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն էդ ծանրության տակ մտնի», - երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել էր ԲՀԿ-ի նախկին առաջնորդը:

Սահմանադրական հանրաքվեի անցկացումից ամիսներ առաջ, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց հանրահավաքային պայքարը վերսկսելու մասին և խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությանը, Ծառուկյանն անսպասելիորեն որոշեց հեռանալ քաղաքականությունից։ Նրա այս որոշումից օրեր առաջ Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդին որպես «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր բնորոշել։ Կուսակցության մի քանի ղեկավար անդամներ, այդ թվում Աշոտյանը, Ծառուկյանի մասին խոսելիս անգամ հիշատակել էին նրա մականունը:

«Քաղաքականությունը պահանջում է մտավոր ունակություններ: Ո՞վ չգիտի Հայաստանի քաղաքական դաշտում, անգամ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, որ Ծառուկյանը չունի մտավոր համապատասխան պոտենցիալ: Ո՞վ չգիտի, որ Գագիկ Ծառուկյանը ձեռքը անգամ իր թիմակիցներն են ընկել կրակը: Եվ ակնհայտ է, որ քաղաքական դաշտում օլիգարխները չարիք են: Բայց երբ որ օլիգարխը միաժամանակ օլիգոֆրեն է, դառնում է իրականում լուրջ սպառնալիք երկրի համար: Դուք չգիտե՞ք, որ Ծառուկյան Գագիկը որտեղ գնում է «խայտառակում է ռեսպուբլիկան», ինչպես կասեին հայտնի ֆիլմում, պղծում է ամեն ինչ, ինչին կպնում է: Ի՞նչ է նշանակում կառուցել եկեղեցի, որ անձնական եկեղեցի ունենա․․․», - ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր Արմեն Աշոտյանը։

Այսօր արդեն Գագիկ Ծառուկյանն ու նրան չարիք որակած Սերժ Սարգսյանը շարունակում են հանդիպումներ ունենալ ոչ-քաղաքական միջոցառումների ժամանակ։ Ծառուկյանը վերջերս ասաց, թե ներել է իրեն վիրավորողներին։

«Ազատության» հարցին, թե արդյոք դեռևս ուժի մեջ են իր որակումները Ծառուկյանի հասցեին, Արմեն Աշոտյանը արձագանքեց. - «Ինչ վերաբերում էր ներել-չներելու հայտարարություններին, իհարկե, դա քրիստոնեական է: Քրիստոնեական բարոյագիտությունը է՛լ ավելի հեռու է գնացել անգամ այս պատվիրանների մեջ՝ ձևակերպելով «ներիր, որ ներվի քեզ» սկզբունքը»:

Իշխող Հանրապետականը, որ տարիներ շարունակ քննադատության է ենթարկվում թե՛ ընդդիմության, թե՛ հանրության որոշ հատվածի կողմից ընտրությունները կեղծելու, կոռուպցիայի և տնտեսական ձախողումների համար, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց է բացել։

«Ազատության» հարցին, թե այս իրավիճակում ինչպես են փորձելու սովորեցնել իրենց 100 ուսանողներին, արդյոք իրենց ուղղված քննադատության սլաքները խոչընդոտ չեն քաղաքական դպրոցի հեռանկարների համար, Աշոտյանն արձագանքեց․ - «Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը՝ բնական է: Իշխանությունը հակադարձում է ընդդիմությանը՝ բնական է: Հայաստանում այլ մի բան կա՝ քաղաքական ֆենոմեն, որը այս պահին բնական չէ: Գուցե դրա՞ վրա կենտրոնանանք․ որ ժողովուրդն էլ քննադատում է ընդդիմությանը նաև»:

XS
SM
MD
LG