Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական պարտքը շարունակում է մեծ տեմպերով աճել․ միայն օգոստոս-սեպտեմբերին իշխանությունները յուրաքանչյուր ամսվա համար վերցրել են ավելի քան 100 միլիոն դոլար պարտք:

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2016-ի սեպտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 5 միլիարդ 594 միլիոն դոլար կամ 514.7 միլիոն դոլարով ավելի նախորդ տարվա վերջի համեմատ:

Եթե այդ ավելի քան կես միլիարդ դոլարը բաժանենք անցած ինը ամիսներին կստացվի, որ Հայաստանի քաղաքացիների անունից իշխանությունները յուրաքանչյուր ամիս միջինը վերցրել են 57.1 միլիոն դոլար:

Այն, որ միայն պետական պարտքն ավելացնելու միջոցով են իշխանությունները կարողացել դիմագրավել տնտեսական ցնցումներին, ընդամենը երկու օր առաջ խոստովանեց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ խորհրդարանում ներկայացնում էր 2017թ․ պետական բյուջեի նախագիծը:

«Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե՛ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե՛ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով՝ հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը», - ասել էր վարչապետը:

Սակայն Կարապետյանի կառավարությանը նույնպես չի հաջողվի առնվազն այս տարի կանգնեցնել պետական պարտքի նման սրընթաց աճը: Վերջերս լրագորղների հետ հանդիպմանը Ֆինանսներ նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կմոտենա աննախադեպ՝ 6 միլիարդ դոլար սահմանագծին․ - «Պետական պարտքը, դրան պետք է գումարենք նաև ներքին պարտքը: Դա էլ, եթե չեմ սխալվում, դոլարային գնահատականը մինչև տարվա վերջ՝ 934 միլիոն դոլար է կազմում: Գումարում ենք՝ դա շուրջ 5.8-5.9 միլիարդ կարգի է տարվա վերջին»:

Հարցին, թե արդյոք նման պարտքը վտանգավոր չէ Հայաստանի տնտեսության համար և ռիսկ չկա, որ երկիրը կհայտնվի սնանկացման եզրին, Ֆինանսների նախարարն արձագանքեց․ - «Տենց ռիկս միշտ էլ ապագայում լինում է: Եթե, օրինակ, ես 2017 թվականը տանեի մի հատ բյուջե, որը պակասուրդի նվազում չի կանխատեսում, էդ ռիսկերը, ես կասեի, ավելի են մեծանում»:

Շարունակաբար մեծացող պետական պարտքի վերաբերյալ վերջերս ահազանգ հնչեցրեց նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հայտարարելով, թե մեր երկրին «մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:

Թեև արձագանքելով Տեր-Պետրոսյանի ահազանգին Կենտրոնական բանկը հայտարարել էր, թե «Հայաստանը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ Հայաստանը չի կարողանա կատարել իր պարտավորությունները», սակայն տնտեսագետ Վահագան Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում «փակուղային» որակեց իշխանությունների առջև ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ պետական ահագնացող պարտքի տակից դուրս գալու համար պետք է տնտեսությունը զարգացնեն, սակայն չեն անում դա, որովհետև տնտեսության ազատականացման, զարգացման մեջ սպառնալիք են տեսնում:

«Ցանկացած քայլի դեպքում ինքը պետք է կա՛մ իշխանությունը հանձնի, կա՛մ պետք է շարունակի էսպիսի ապաշնորհ կառավարում, որի արդյունքում երկիրը զարգացում չի կարող ունենալ: Այս կառավարման համակարգը թույլ չի տալու տնտեսության զարգացում, որովհետև այս կառավարման համակարգը չի նախատեսում, իր մեջ էդպիսի տրամաբանություն չկա՝ ո՛չ ներքին զարգացում, մրցակցություն քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերում․․․ Իսկ եթե այդ մրցակցությունը չկա, այսպիսի տնտեսությունը, որում որ մենք են, շուկայական տնտեսությունը զարգացում չի ունենում: Իսկ այդ խնդիրը իշխանությունը չի լուծի, որովհետև քաղաքական մրցակցության դեպքում, հավասար պայմաններում ինքը ուղղակի կկորցնի իշխանությունը, իսկ եթե չի ուզում կորցնել իշխանությունը, հավասար մրցակցություն չի ապահովում, տնտեսության զարգացում չկա»:

XS
SM
MD
LG