Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. Առաջիկա ընտրություններին պետք է մասնակցել լուրջ ընդդիմադիր դաշինքով


Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և լուրջ ընդդիմադիր դաշինքով մասնակցեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Վերջինիս փոխանցմամբ, հենց այդ նպատակով անցած շաբաթ Հայ ազգային կոնգրեսը, ընտրություններին ընդառաջ, քաղաքական ուժերին համագործակցության ձևաչափեր քննարկելու առաջարկ արեց: Առայսօր, սակայն, Մանուկյանի խոսքով, առարկայական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։

«Առաջիկա ընտրությունները լինելու են պառլամենտական գումարած պրեզիդենտական, եթե քաղաքացիները հասկանան, եթե քաղաքական ուժերն այս կարևորությունը հասկանան, ապա պետք է զգան, որ միավորման կարիք՝ դաշինքներ ստեղծելու կարիք, անպայման կա, որովհետև այսօր Հայաստանում երևի թե չկա մի առանձին քաղաքական ուժ, որը կարողանա ապրիլին իշխանափոխություն իրականացնել։ Սա ռեալություն է։ Փորձենք, կստացվի՝ շատ լավ, չստացվելու դեպքում տուժելու է քաղաքացին և Հայաստանը», - ասաց Մանուկյանը։

Նշենք, որ ընդդիմադիր ուժերի միավորման մասին խոսելիս մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն «Ազատության» եթերում հայտարարեց, որ իրական ընդդիմադիր պետք է համարվեն այն ուժերը, որոնք կհայտարարեն, թե Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին որևէ օգուտ չի բերում, և իշխանության գալու դեպքում էլ պետք է դուրս գալ այդ կառույցից, խոսքը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին։

Հարցին, եթե դա չե՞ն հայտարարում, բացառվում է ձեր [«Հանրապետություն» կուսակցության] համագործակցությունը, Սարգսյանը պատասխանեց. - «Իհարկե, այդ դեպքում, ինձ համար իրենք իրական ընդդիմություն չեն։ Գոնե պետք է ասեն, որ Եվրասիականից դուրս գալ է պետք, հակառակ դեպքում, ի՞նչ տարբերություն, Սերժ Սարգսյանն է, թե իրենք, երկուսն էլ Պուտինին են ուզում ծառայել»։

Արամ Մանուկյանը մինչդեռ ճիշտ չի համարում այս մոտեցումը։ Ըստ նրա, ընդդիմադիրների միավորման նպատակը երկիրը ստեղծված իրավիճակից հանելն է, և այս պարագայում նախապայմանները պետք է բացառել, անգամ լուրջ տարաձայնությունները պետք է մի կողմ դնել:

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի հայտարարությանն, ապա Մանուկյանի համոզմամբ, Հայաստանի քաղաքական ուժերին Ռուսաստանի իշխանության դեմ հանելը ճիշտ չէ։ «Եվ այս պահին Հայաստանի քաղաքական ուժերին ուղղել Ռուսաստանի իշխանության դեմ, ես չեմ համարում պատեհ և ճիշտ։ Ամենևին այսօր դրա վիճակը չի։ Հայաստանն է ձեռքից գնում, և եթե մենք ամբողջապես մեր ամբողջ ներքին էներգիան չուղղենք պառլամենտական ընտրություններին, որը հավասար է պրեզիդենտական ընտրություններին, անգամ այդ խնդիրը չենք կարող քննարկել։ Ցանկացած խնդիր քննարկելի է, ցանկացած, բայց կա խնդիրների ահագնություն», - ասաց Մանուկյանը։

«Ազատություն». - Այսինքն, դուք [ՀԱԿ-ը] պատրա՞ստ եք, որ եթե իշխանափոխություն լինի, հետո նստել ու հասկանալ...

Մանուկյան. - Այս պահին, Հայաստանը ձեռքից գնում է, էս պահին Հայաստանի քաղաքական ուժերի պարտքն է, որպես քաղաքական ուժեր, կանգնեցնել այն մահաբեր ընթացքը, ինչը կանգնած է Հայաստանի առջև, այլ թիվ մեկ խնդիր գոյություն չունի, սա գերխնդիր է։ Մեր տնտեսությունը պայթելու վտանգի առջև է, մենք դեֆոլտի առջև ենք կանգնած։ Հայաստանն իր քաղաքացիներին պահել կարողանալու խնդրի առջև է կանգնած, և, եթե այս ահավոր լուրջ սպառնալիքները մենք չենք փորձելու չեզոքացնել, ապա մնացած բոլոր բաները հավասարվում են զրոյի։

«Ազատություն». - Իշխանափոխությունից հետո պատրա՞ստ եք այս հարցը նաև քննարկման առարկա դարձնել՝ ԵՏՄ-ից դուրս գալու, մնալու։

Մանուկյան. - Ես կրկնում եմ՝ եկեք դեռ իշխանափոխություն անցկացնենք... ես չեմ ուզում էս գլխից հակառակորդներ գտնել էդ խնդիրը լուծելու համար, եկեք մեր առջև խնդիրը լուծենք։ Հիմա, եթե մենք չկարողանանք քաղաքացու պատվերը, այն է՝ միասնական մի միավոր ստեղծել, որը կարող է այլընտրանք ունենալ, այդ դեպքում իզուր է քաղաքականությամբ զբաղվելը։

Իր մեծությամբ խորհրդարանական 2-րդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը ընդդիմադիր դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկը լավ գաղափար է համարում, բայց դժվար իրագործելի:

ԲՀԿ կուսակցության և խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, ԲՀԿ-ում թեև հակված են առանձին գնալ ընտրություններին և դաշինքներ չկազմել, բայց պատրաստ են մասնակցել այս ուղղությամբ ծավալվող քննարկումներին:

Դաշինքներ կազմելու համար, սակայն, «Բարգավաճ Հայաստան»-ը երկու նախապայման ունի, նախ՝ այն ուժը կամ ուժերը, որոնց հետ միավորման խնդիր է դրվում, պետք է որոշակի հեղինակություն և ազդեցություն ունենան:

«Ես կարծում եմ, որ միավորում կարող է լինել միայն, մի՞գուցե բառը քաղաքական չի, բայց միանման, նույն քաշային կատեգորիաների ուժերի միջև։ Ի վերջո, ես հասկանում եմ այն ուժերի մղումը, ովքեր շատ լավ հասկանում են, որ խորհրդարանում առանց դաշինքի լինելու իրենց հավանականությունը ոչ թե զրո է այլ մինուս անսահմանություն է։ Ես այս պահին որևէ քաղաքական ուժի անուն չեմ նշի», - ասաց ԲՀԿ ղեկավարը։

Ըստ Զոհրաբյանի, դաշինք կազմել ցանկացող քաղաքական գործիչները համամասնական ցուցակներում ընդգրկվելուց բացի, անկախ իրենց ունեցած քաղաքական կշռից, պետք է պատրաստ լինեն մասնակցել նաև 13 ընտրատարածքներում նախատեսվող ռեյտինգային ընտրություններին: Հակառակ դեպքում կստացվի, որ քաղաքական ցուցակում ընդգրկվածները ցանկանում են խորհրդարանում հայտնվել ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուների հաշվին։

«Եթե այն քաղաքական ուժերը, ովքեր առաջարկում են դաշինքներ, պատրաստ են, որ իրենցից յուրաքանչյուրն, առանց որևէ բացառության, նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, ի վերջո, մենք կտեսնենք, մենք պատրաստ ենք այդ տարբերակը քննարկել, բայց, եթե մտածում են, որ պետք է դաշինքով լինեն, կներեք այս բառի համար, անձեռնմխելի մարդիկ, պայմանականորեն բաժանեն քաղաքական սեգմենտ, որը կարծում է, որ ինքը ռեյտինգայինով առաջադրվելու խնդիր չունի, որովհետև ինքը քաղաքական սեգմենտ է, իսկ ռեյտինգայինի տղաները պետք է աշխատեն՝ մյուսներին խորհրդարան բերելու համար, ես չեմ կարծում, որ դա ազնիվ մոտեցում է։ Ես վստահ եմ՝ իրենք համաձայն չեն լինի, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ռեյտինգայինով էլ, անուններ էլի չտանք, իրենք չեն կարողանալու անհրաժեշտ քվե հավաքել և ռեյտինգայինը պարզելու է շատ տխուր իրականություն», - ասաց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG