Մատչելիության հղումներ

Հայաստանը և Սփյուռքը նոր մեկնարկի որոնումներում


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հայաստանի անկախացումից ի վեր, հայկական աշխարհը բաժանված է երեք տարբեր մասերի. նրանք, ովքեր աջակցում են իշխանություններին կամ ինչ-որ չափով փոխգործակցում են նրանց հետ, բազմազան ընդդիմադիր խմբավորումներ, և նրանք, ովքեր անկախ են կամ անտարբեր: Ցավոք, գրեթե ոչ մի ջանք չի գործադրվել այս խմբերի միջև խզումը վերացնելու համար: Ընդհակառակը, եղել են կոպիտ վիրավորանքներ, մեղադրանքներ և առճակատումներ:

Չնայած Հայաստանի իշխանությունների ու ընդդիմության ունեցած տարբեր առաջնահերթություններին՝ հայերն ամենուր ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ՝ կապված տնտեսության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, Արցախյան հակամարտության, արտագաղթի, Սփյուռքի գոյապայքարի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայից արդարության պահանջի ապահովման հետ: Իշխանությունները զբաղված են երկրի կառավարման և Հայաստանի ու Արցախի հանրապետությունների սահմանների ապահովմամբ, իսկ ընդդիմությունը կենտրոնացած է կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկ ընտրությունների անցկացման վրա:

Վերջին ամիսներին, առաջին անգամ նախորդ 25 տարվա ընթացքում կարելի է հույսի առաջին նշույլը տեսնել, որ լուրջ փոփոխություններ են երևում Հայաստանի հորիզոնում: Իշխանությունները, հավանաբար Երևանում տեղի ունեցած վերջին ցնցումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով, կարծես թե մտադիր են իրականացնել լուրջ բարեփոխումներ՝ որպես վարչապետ նշանակելով մի ձեռնհաս տեխնոկրատի և նրան քարտ-բլանշ տալով: Իրոք, կարճ ժամանակահատվածում նոր վարչապետն աշխատանքից ազատեց մի քանի անձեռնմխելի պաշտոնյաների...

Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եռանդուն կերպով առաջ է շարժվում վաղուց ուշացած բարեփոխումներով, նա մեծ շփոթ առաջացրեց թե՛ որոշ իշխանավորների և թե՛ ընդդիմության շարքերում: Վարչապետն իր գործողություններով անհանգստացրեց բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կարծում էին, թե իրենց աշխատանքն ու եկամուտները հավերժական են: Այդ ընթացքում վարչակարգի հակառակորդները ևս դժվարին կացության մեջ էին, թե ինչպես արձագանքել և ինչ ակնկալել կառավարության նոր ղեկավարից: Ոմանք շտապեցին իրենց անվստահությունն արտահայտել՝ նշելով, թե ոչինչ չի փոխվի, քանի դեռ ներկայիս ղեկավարները մնում են իրենց պաշտոններին, իսկ ուրիշները որդեգրեցին ավելի խելամիտ սպասողական կեցվածք... Վարչապետը վերջերս զգուշացրեց բոլոր կողմերին, որ նույնիսկ մեկ հավելյալ օր չի մնա պաշտոնում, եթե տեսնի, որ իր ջանքերն ապարդյուն են...

Վերջերս տեղի ունեցած մեկ այլ նշանակալի զարգացումը Սփյուռքի վերազարթնումն էր երկարատև նիրհից: Անցյալ սեպտեմբերին, 30 նշանավոր հայեր, ներառյալ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Ալեքսիս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Էրիկ Պողոսյանը և Սեպուհ Սիմոնյանը, հանդես եկան միջնորդագրով change.org կայքում՝ «Արդարություն Հայաստանում» խորագրով: Մինչ օրս ավելի քան 4 հազար մարդ միացել է այդ ստորագրահավաքին:

Մի քանի օր անց, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդես եկավ խիստ քննադատական բաց նամակով՝ Երևանում հուլիսի 27-ին բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվելուց հետո: Խանջյանն ուրվագծեց իշխանության թերությունները՝ կոչ անելով սփյուռքահայերին չլինել «երկմիտ հանդիսատեսներ» և մասնակցել սոցիալական վիճակի բարելավմանը Հայաստանում:

Հոկտեմբերի 28-ին, 23 ականավոր հայեր, ներառյալ Աբել Աղանբեկյանը, Շառլ Ազնավուրը, Էդվարդ Ջերեջյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, հանդես եկան մեկ այլ բաց նամակով՝ կոչ անելով «Գլոբալ հայերին... միավորվել և միասնաբար կերտել Հայաստանի ապագան»: Ստորագրողները կոչ արեցին «բոլոր հայերին՝ ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը»: Բաց նամակը հրապարակվեց «Նյու Յորք Թայմս» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում:

Հայաստանը, իրոք, կարիք ունի Սփյուռքի հետ լիարժեք համագործակցության, որպեսզի իրականացնի վերոնշյալ միջնորդագրում և բաց նամակներում տեղ գտած առաջարկվող բոլոր բարեփոխումները: Կառավարությունը պետք է ողջունի բոլոր հայերի մասնակցությունը երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական և ռազմական կառույցների բարելավման գործում՝ արդար, բարգավաճ, լավ կառավարվող և ապահով Հայրենիք կերտելու համար...

Հայաստանը բարձր զարգացած և ժողովրդավարական երկիր դարձնելու միակ ճանապարհն է՝ ողջունել ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի առավելագույն թվով ներգրավվածությունը, անկախ նրանց բնակության վայրից: Քանի որ Հայաստանը (ներառյալ Արցախը) համայն հայության Հայրենիքն է, ուստի յուրաքանչյուր հայ իրավունք ունի և պարտավոր է նպաստել նրա Վերածննդին...

Վերոնշյալ միջնորդագրում և բաց նամակներում բացակայող հիմնական գործոնը Սփյուռքի կազմակերպման համար անհրաժեշտ այն մեխանիզմն է, որը հնարավորություն կտա պահպանել նրա սեփական գոյությունը, միաժամանակ ընդլայնելով նրա խիստ կարևոր աջակցությունը Հայրենիքին ծրագրված և համակարգված ձևով: Այս հրատապ խնդրի իրականացման համար, հայերը պետք է ստեղծեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված սփյուռքյան մի կառույց, որն իր ներկայացուցիչները կունենա Հայաստանի խորհրդարանում...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG