Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետը ընդդիմադիրներին հրավիրել էր քննարկումների


Գյումրիի քաղաքապետարանը ՏԻՄ ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթած ու ավագանու մանդատներ ստացած քաղաքական 3 ուժերին այսօր հրավիրել էր քննարկելու Գյումրիի զարգացման հնգամյա ծրագիրը: Քննարկումները չկայացան․ ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից որևէ ներկայացուցիչ այդպես էլ չեկավ:

«Քանի որ քաղաքական ուժեր են, իսկ քաղաքականության մեջ զգացմունքային՝ խռովություն, ուրախություն, տխրություն՝ այդպիսի կատեգորիա չկա, կա հստակ պայմանավորվածություններ, ծրագրեր, որոնցով ուղղորդվում է և պետք է զարգանա մեր քաղաքը: Եվ մենք առաջարկել ենք հնգամյա ծրագիր, որի հետ կապված ես կարող եմ համարել սա որպես բոյկոտ», - երեք ուժերի կողմից իր հրավերը մերժելը մեկնաբանեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրիի ավագանու կազմում մեծությամբ 2 քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանն» է՝ 8 մանդատով: ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ այսօրվա քննարկման հրավերը ստացել են: Ասաց՝ չեն մասնակցել քննարկմանը, քանի որ 3 քաղաքական ուժերը հուշագիր են ստորագրել ավագանու աշխատանքները բոյկոտելու մասին: - «Մենք արդեն ստորագրել ենք հայտարարություն, որ քաղաքապետարանի հետ կապված գործառույթներին կմասնակցենք միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը որոշումը կայացնի, որից հետո նոր որոշում կընդունեն կուսակցությունները հետագա իրենց գործառույթների համար», - մանրամասնեց Գրիգորյանը:

ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Քրիստինե Մկրտչյանը ևս մատնանշեց 3 ուժերի կողմից ստորագրված հուշագիրը ու հավելեց, որ կուսակցությունը հրաժարվում է մասնակցել որևէ հանդիպման ու քննարկման, քանի դեռ վիճարկվում է մանդատների բաշխման օրինականությունը․ - «Շարունակելու ենք պայքարը մինչև ներպետական ատյանների սպառումը, և ինչպես հայտարարել ենք՝ դիրքորոշումը չի փոխվել մեր, որ մինչև դատական ատյանների սպառումը շարունակելու ենք բոյկոտել»:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունից չկարողացանք պարզաբանում ստանալ, թե ինչու չէին մասնակցում Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրի քննարկմանը:

Վաղը Գյումրիի քաղաքապետարանում նախատեսվում է հանդիպում ՏԻՄ ընտրություններում 6 տոկոսի շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի հետ: Սամվել Բալասանյանն ասաց, որ իրենք պատրաստ են լսել ու քննարկել ցանկացած առաջարկություն, որը վերաբերում է քաղաքում առկա խնդիրների լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG