Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Եթե կան փաստեր՝ տրամադրեք քննչական, իրավապահ մարմիններին՝ թող զբաղվեն»


Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է նախկին պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների մասին փաստեր ունենալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Այս մասին Կարապետյանը խոսեց այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի այն հարցին, թե ինչպես են արձագանքելու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

Վարչապետը շեշտեց՝ ճիշտ չի համարում այդ հրապարակումների հիման վրա քրեական գործերի հարուցումը: - «Եթե կան փաստեր, որոնք պետք է իրավապահ, քննչական մարմինները զբաղվեն՝ տրամադրեք, թող զբաղվեն և պատասխանեն ձեզ», - նշեց Կարեն Կարապետյանը, - «Ես չգիտեմ, ճիշտն ասած, մամուլի յուրաքանչյուր հրապարակմանը ինչպե՞ս կարող ենք ազդել, արժե՞ ազդել՝ դրանով մոտիվացնել, որ նման հրապարակումներ լինեն: Եկեք մտածեք ինչպե՞ս անենք: Չեմ կարծում, գուցեև սխալվում եմ, որ հրապարակման, կամայական հոդվածի․․․ մասնավորապես, որ գիտենք՝ շատ դեպքերում միտումնավոր է լինում․․․ անպայման քրեական գործ է պետք հարուցել: Ինչպե՞ս անել՝ տվեք առաջարկություններ»:

Հարցուպատասխանի ժամանակ չշրջանցվեց նաև հարկատուների հաշվին փոխարտգործնախարարի համար բջջային հեռախոս գնելու հարցը: Հիշեցնենք՝ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անձամբ էր զեկուցել՝ անհրաժեշտ է մեկ բջջային հեռախոս: Ընդդիմադիր պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր հարց ուղղեց կառավարությանը, թե ի՞նչ տրամաբանությամբ են նման գնումներ կատարվում, ի վերջո՝ նախարարության շարքային աշխատողների համար որևէ մեկը հեռախոս չի գնում: - «Եթե հաշվի առնենք, որ 18 նախարարություն ունենք 3-ից 5 փոխնախարարներով, այսինքն՝ մի 60-70 iPhone 7-եր են չէ՞, հավանաբար: Այդ ի՞նչ ծախսեր են, այդ ի՞նչ տրամաբանություն է», - ասաց Արզումանյանը:

Թեև հարցն ուղղված էր վարչապետին, բայց պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, թե Շավարշ Քոչարյանին ճիշտ չեն հասկացել, խոսքը հեռախոս գնելու մասին չէ: - «Հավանաբար թյուր տեղեկություն է Ձեզ հասել, որովհետև որևէ մեկը բջջային հեռախոս փոխնախարարի համար չէր գնում: Մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը նրան թույլատրված է օգտագործել: Որևէ հեռախոս որևէ մեկը չի գնում որևէ մեկի համար: Այնպես որ, ուղղակի, հավանաբար մեր լրագրողները վրիպել են և Դուք այդ տեղեկատվությունը որպես հիմք եք ընդունել», - պնդեց Հարությունյանը:

Նկատենք, որ Քոչարյանը կառավարության նիստում հստակ հայտարարել էր՝ անհրաժեշտ է մեկ հեռախոս: - «Քանի որ ԱԳՆ հաստիքացուցակում ավելացվել է ևս մեկ փոխնախարարի հաստիք, հետևաբար առաջարկվում է ավելացնել մեկ բջջային հեռախոս», - ասել էր Քոչարյանը:

Պատգամավորները չշրջանցեցին նաև գործազրկության հարցը, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը շեշտեց՝ Հայաստանում 2014-16 թվականներին գործազրուրկների թիվն ավելացել է: Խաչատուր Քոքոբելյանն էլ հարց ուղղեց, թե աշխատատեղերի ստեղծման հետ կապված առաջիկա 6 ամիսներին կառավարությունը ինչպիսի՞ տեսլական ունի: Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց՝ հավասար պայմանների ապահովմամբ բիզնեսի զարգացումը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը: - «Ու ամբողջ ծրագիրը, ճիշտն ասած, ուղղված է բիզնեսի զարգացմանը, բիզնեսի համար ազատ պայմաններ ստեղծելուն, չխոչընդոտելուն, որը կբերի աշխատատեղերի ստեղծմանը: Ճիշտ եք ֆիքսում, որ մենք թվեր չենք ֆիքսել, և չենք ֆիքսել այն իսկ պատճառով, որ դրա գնահատականները չունենք և նաև անհրաժեշտությունն էլ չենք գտել այս վեց ամսվա համար ինչ-որ ձևի ֆիքսել, որովհետև ուղղակի կոռեկտ չէր լինի մեր տեսակետից», - հայտարարեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG