Մատչելիության հղումներ

Պապը բերում է փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակը


Հավատացյալները Վատիկանում ողջունում են Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, արխիվ
Հավատացյալները Վատիկանում ողջունում են Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, արխիվ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանում այսօր տեղի ունեցած իր ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ: Նա պետություններին հորդորել է չփակել դռները փախստականների և միգրանտների դիմաց:

«Աշխարհի տարբեր վայրերում պատեր և ցանկապատներ են առաջանում: Երբեմն թվում է՝ միգրանտներին ու փախստականներին հնարավորինս օգնելու շատ մարդկանց լուռ ջանքերը մթնեցվում են բնազդային էգոիզմի այլոց աղմուկով: Բայց փակելը լուծում չէ, իրականում այն օգնում է հանցավոր թրաֆիքինգին: Միակ լուծումը համերաշխությունն է», - ասել է Պապը:

Կտրվելով գրավոր տեքստից, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատմել է մի կնոջ մասին, ում փախստականը դիմել էր իրեն Վատիկան հասցնելու խնդրանքով: Տեսնելով, որ այդ փախստականը կոշիկներ չունի, կինն առաջարկել է նրան Սուրբ Պետրոսի հրապարակ բերել տաքսիով: Տաքսու վարորդը սկզբում հրաժարվել է վերցնել մարդուն, որովհետև նրա վրայից հոտ էր գալիս, բայց ի վերջո համաձայնել է: Ճանապարհին փախստականը պատմել է իր պատմությունը, ու երբ տեղ են հասել, վարորդը հրաժարվել է փող վերցնել:

Փախստականին Սուրբ Պետրոսի հրապարակ հասցրած կնոջ մասին Հռոմի Պապն ասել է․ - «Այս կինը հասկացել է փախստականի ցավը, քանի որ հայկական արյուն ունի և գիտե, թե ինչ տառապանքներ է կրել իր ժողովուրդը: Երբեմն մենք որևէ բան ենք անում, ինչը սկզբում մերժել ենք, որովհետև մեզ անհարմար է, հոտ է գալիս, բայց ի վերջո այն մեր հոգու օծանելիքն է, այն փոխում է մեզ»:

«Մտածե՛ք այս պատմության մասին և մտածեք՝ ինչ կարող եք անել փախստականների համար», - հորդորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ բերելով փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG