Մատչելիության հղումներ

Սիրիահայ ևս երեք ընտանիք տեղափոխվեց Հայաստան


Զուլամյանների ընտանիքն ու նրանց դիմավորող հարազատները «Զվարթնոց» օդանավակայանում: 25-ը հոկտեմբերի, 2016 թ․
Զուլամյանների ընտանիքն ու նրանց դիմավորող հարազատները «Զվարթնոց» օդանավակայանում: 25-ը հոկտեմբերի, 2016 թ․

Նրանց վերադարձը հնարավոր է դարձել Երևանում գործող «Հալեպ» հայրենակցական միության միջոցներով։ Ընտանիքները երկար ճանապարհ են կտրել․ Հալեպից ավտոմեքենայով հասել են Բեյրութ, այնուհետև մեկնել են Դուբայ, որտեղից էլ՝ Երևան։

Մեկ ամիս առաջ Հալեպում հայազգի Հինդոյանների ողբերգական մահվանից հետո Հարություն Զուլամյանը որոշեց պատերազմող երկրից դուրս բերել ընտանիքը՝ երեք երեխաների համար անվտանգ կյանք ընտրելով հայրենիքում:

Սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ թաղամասում հրիթռակոծության հետևանքով զոհվեց 12-ամյա Արման Հինդոյանը։ Ավելի ուշ զոհվեցին քույրը՝ Միրեյ Հինդոյանը։

Հալեպի Սուրբ Սստվածածին եկեղեցու ատենադպիր Զուլամյանին հատկապես այս դեպքը ստիպեց կապել ճամպրուկները, կողպել Վիլլաներ թաղամասում գտնվող տան դուռը, բանալիները հանձնել հարազատներին ու բռնել դեռեւս անծանոթ հայրենիքի ճամփան։

Առաջին անգամն են Հայաստանում։ 12-ամյա Հակոբը հիշում է, ինչպես հալեպահայերն են բնորոշում՝ նահատակված ընկերներին: Ասում է, որ Արմանը բասկետբոլ էր խաղում, իսկ Միրեյը լողորդ էր և պատրաստվում էր մրցումների: Հինդոյանների ընտանիքը մտադիր էր արտագաղթել Կանադա:

Դեռևս անծանոթ հայրենիքում Հակոբն արդեն ապագա ծրագրերից է խոսում՝ շարունակելու է դպրոցն ու ինչպես ինքն է ասում՝ ակումբ է հաճախելու։

Վերջին 5 տարիները պատերազմի մեջ անցկացրած 12-ամյա տղան ասում է, որ չի կարոտի Հալեպը: «Խաղաղություն չմնաց այլևս հոն», - ասաց նա՝ պատմելով, թե ինչպես են մի քանի անգամ ռումբերն ընկել իր և իր հետ խաղացող ընկերների կողքին:

Հարություն Զուլամյանն ասում է, որ չնայած լարված իրավիճակին, ամենօրա ռմբակոծություններին, հայկական համայնքում խուճապ չկա․ - «Հալեպահայը ավելի շատ բարոյական աջակցության կարիք ունի»:

Զուլամյաններին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու եկած հարազատներն արդեն բնակարան են վարձակալել նրանց համար։ Զուլամյանն ասաց՝ խնայած գումարով կկարողանան մինչև ամանոր ապրել, հաջորդ տարի արդեն հալեպահայ եկեղեցականը կորոշի՝ ինչով զբաղվել հայրենիքում:

Պաշտոնական տվյալներով, անցած 5 տարիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 20 հազար սիրիահայ, որոնցից 17 հազարը մնացել է հայրենիքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG