Մատչելիության հղումներ

Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին երեք ոստիկանների սպանությունների հանգամանքները


Արխիվ -- Ոստիկանությունը արգելափակում է ՊՊԾ գնդի տարածք տանող ճանապարհը, Երևան, 17-ը հունիսի, 2016թ․
Արխիվ -- Ոստիկանությունը արգելափակում է ՊՊԾ գնդի տարածք տանող ճանապարհը, Երևան, 17-ը հունիսի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ պարզվել են այս տարվա հուլիսին զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդագրությունում նաև նշվում է, որ «ճշտվել և անհատականացվել են ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի) և 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն և պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունն ու այդ կապակցությամբ նրանց կոնկրետ գործողությունները»:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 և քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզման եղանակով ոչնչացրած 10 զինյալները, ինչպես նաև ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ու ռազմամթերքը («Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 10 ինքնաձիգ և այլն) գնդի զինանոցից և անմիջականորեն ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19-ը զինյալները, ձեռք են բերվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հիմնավորող ապացույցներ:

Նույն հաղորդագրությունում նաև նշվում է, որ նախաքննությամբ ձեռք է բերվել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելը նախապատրաստելու, կազմակերպված խմբով ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու հանցավոր արարքները հիմնավորող ապացույցների բավարար համակցություն»:

Նախաքննության ավելի վաղ փուլում հայտնվել էր, որ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով և այլ զենք-զինամթերքով:

«Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են ևս երկու զինյալներ, երկու ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաև գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակներ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ երկու զինյալների անձնական տվյալները, նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ: Հայտնաբերվել են նաև նրանց կողմից գնդից դուրս բերված ատրճանակները», - ասված է հաղորդագրությունում:

Ամփոփելով՝ ՀՔԾ-ն նշում է, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավման դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միաժամանակ շարունակվում են ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու և դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող 14 մլն 808 հազար ՀՀ դրամ գումարը հափշտակելու հանգամանքները պարզելու, դրանք կատարած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ընթացքի մեջ են նաև ՊՊԾ գնդի տարածքն ու շենքերը, շինությունները զավթելուց հետո գնդի ծառայողների աշխատասենյակներից անձնական իրեր, գումարներ, ինչպես նաև գնդի հարակից Խորենացի փողոցի տներից քաղաքացիների կենցաղային իրեր զինյալների կողմից հափշտակելու դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունները:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավլիկ և Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալներից ոչ մեկին դեռ նոր մեղադրանք չի առաջադրվել: Նաև մեկնաբանեց Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունը:

«Կոնկրետ ՀՔԾ-ի արված հայտարարության վերաբերյալ որևէ հիմնավորում չունեմ այս պահին, որովհետև որևէ մեղադրանք՝ իրենց ներկայացված այս նոր հայտարարության մեջ մեզ չեն ներկայացրել: Եթե նախաքննության մարմինը պարզել է որոշակի հանգամանքներ, ուրեմն մինչև այդ հայտարարություն տարածելը պետք է այդ մեղադրանքի վերաբերյալ կամ կոնկրետ անձանց գործողությունների վերաբերյալ մեղադրանքի ծավալը փոխեր կամ ավելացնել», - նշեց փաստաբանը՝ հավելելով․ - «Բայց այդքանից բացի, գտնում եմ, որ այդ հայտարարությունը տարածելուց բացի դատախազությունը պետք է նաև հայտարարություն տարածեր, թե ինչն է ստիպել այդ մարդկանց գնալ այդ քայլին: Այսինքն, եթե իրենք գտնում են, որ «Սասնա ծռերը» կատարել են հանցագործություն, ուրեմն պետք է իրենք նաև բացահայտեն հանցագործության ծնող, նպաստող պայմանները և դրանց դեմն առնելու գործողությունները: Դրա վերաբերյալ ես որևէ դրույթ չտեսա տարածված հայտարարության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG