Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահը մաքսայինին մեկ շաբաթ է տալիս՝ անցնելու նոր աշխատաոճի


Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի
Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի

Հանրապետության նախագահի և կառավարության ղեկավարի հստակ հանձնարարականներն են՝ իրականացնել մաքսային ծառայության համակարգային և որակական փոփոխություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանը մաքսային ծառայության առաջիկա անելիքներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության և հավասարության պակասից է», - ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ասել է Հարությունյանը:

Մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ, հետևաբար, ըստ ՊԵԿ նախագահի, ավելի քան կարևորվում է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն:

«Պետք է մատուցվի բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են այսօր», - շեշտել է Հարությունյանը և հորդորել՝ բիզնեսի համար ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ ներկրումների գործընթացում, միաժամանակ չթուլացնել հսկողությունն ու խստացնել մաքսանենգության դեմ պայքարը:

ՊԵԿ նախագահն այս փուլում կարևորել է հետբացթողումային արդյունավետ հսկողության անհրաժեշտությունը. - «Անելիքներ շատ կան, հատկապես այն բացթողումների ուղղությամբ, որոնք լուծում չեն ստացել մաքսատանը. հետբացթողումային հսկողության վարչության խնդիրն է՝ իրականացնել ստուգումներ և համապատասխան հետևություններ անել»:

Արագ փոփոխությունների գրավականը, Վարդան Հարությունյանի դիտարկմամբ, «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումն է, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու և զբոսաշրջիկի հետ:

ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ: «Քայլ առ քայլ իրականացնելու ենք նախանշված առաջնահերթությունները: Կարճ ժամանակահատվածում հանրությանը պետք է տեսանելի դարձնել արդյունքները: Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ», - հայտարարել է Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG