Մատչելիության հղումներ

«Ծաղրածուն» հակահարված է տալիս. ՌԴ ԱԳՆ հին կայքը ենթարկվել է հաքերային հարձակման


Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության հին կայքէջը ենթարկվել է հաքերային հարձակման: Գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է այդ լուրը:

Ավելի վաղ CNN ամերիկյան հեռուստակայանը հաղորդել էր, որ ռուսական արտգործնախարարության հին կայքի վրա գրոհն իրականացրել է ոմն «Ջեսթեր»-ը, ով ներկայանում է որպես ամերիկացի ցանցահեն: Ի դեպ, The Jester թարգմանաբար նշանակում է «Ծաղրածու»:

Զախարովայի փոխանցմամբ, մասնագետները հաստատում են, որ կայքը հարձակման է ենթարկվել, իսկ թե ով է իրականացնողը՝ դեռ վերջնական գնահատական չկա:

«Եթե պարզվի, որ իրոք կայքը կոտրել են, տհաճ կլինի։ Հոգ չէ, որ կայքը հին էր և չէր կիրառվում, դա կնշանակի երկու բան՝ կա՛մ ամերիկյան կողմը սկսել է կատարել հաքերային վրեժ լուծելու սպառնալիքը, ինչի մասին խոսել են փոխնախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանում նախկին դեսպան Մայքլ Մըքֆոլը, կամ Ամերիկայում այս սադրիչ ընտրական արշավը մարդկանց այնպիսի վիճակի է հասցրել, որ նրանք սկսում են ավերել ամեն ինչ»,- ասել է Զախարովան:

CNN-ը հայտնել է, որ «Ջեսթեր» ծածկանունով հայտնի ցանցահենը, հավանաբար, փորձել է ռուսական կողմից վրեժ լուծել անցած ուրբաթ օրը ամերիկյան մի շարք խոշոր կայքերի, այդ թվում՝ Թվիթերի վրա իրականացված հաքերային լայնածավալ գրոհների համար: Ամերիկացի մասնագետների համոզմամբ, այդ կայքերը գրոհի են ենթարկել Ռուսաստանի հետ առնչություն ունեցող հաքերները:

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ծաղրածուն» Ռուսաստանի արտգործնախարարության հին կայքէջում այսպիսի գրություն է տեղադրել. - «Ընկերներ, մենք ընդհատում ենք Ռուսաստանի ԱԳՆ կայքի ծրագրի հեռարձակումը՝ ձեզ փոխանցելու համար սույն ուղերձը՝ «վե՛րջ տվեք, գուցե ձեզ հաջողվում է քամահրանքով վերաբերվել հարևան երկրներին, բայց սա Ամերիկան է, այստեղ դուք ոչ մեկին չեք զարմացնի»:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Վաշինգտոնը մի քանի անգամ ռուսներին է մեղադրել ամերիկյան կայքերի, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության էջի վրա հարձակումներ գործելու և այդ միջոցով ամերիկյան ընտրությունների գործընթացին միջամտելու համար: Ռուսական կողմը չի ընդունում մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG