Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանն այցելել են ԼՂ ՊԲ, եղել առաջնագծում


Լուսանկարը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարության

Հոկտեմբերի 21-ից 22-ը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Պաշտպանության բանակ են այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Լևոն Մնացականյանը, քննարկվել են Հայաստանի և Ղարաբաղի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն ուղղությունները:

Այնուհետև Ղարաբաղի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարները այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինհոսպիտալ, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, շփվել հոսպիտալի բուժանձնակազմի և առողջական տարբեր խնդիրներով այստեղ գտնվող զինծառայողների հետ:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, բանակի խորացված հրամանատարական կետում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, Լևոն Մնացականյանը անդրադարձել է այն հիմնական գործընթացներին, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել Ղարաբաղի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ, ներկայացրել այն հիմնական գործողությունները, որոնք կյանքի կկոչվեն հակառակորդի հավանական ագրեսիայի ծավալման դեպքում:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաև առաջնագծում, ծանոթացել կատարված ինժեներական աշխատանքներին, ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման և զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված ծավալուն գործընթացներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ, որոնցից առավել աչքի ընկածները նաև խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից։

Այնուհետև հյուրերը այցելել են բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, հետևել այնտեղ իրականացվող պարապմունքների ընթացքին, որից հետո կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում հանդիպումներ են ունեցել, ճաշել անձնակազմի հետ, շնորհակալություն հայտնել վերջիններիս բարեխիղճ ծառայության համար և ներկայացրել այն նոր մոտեցումները, որոնք ընկած կլինեն հայկական զինված ուժերի հետագա զարգացման հիմքում:

Աշխատանքային այցի ավարտին բարձրաստիճան հյուրերը նաև հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում:

«Ամփոփելով երկօրյա աշխատանքային այցի արդյունքերը, կարող ենք փաստել, որ դրա արդյունքում, որը ի դեպ առաջինն էր Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի` նոր պաշտոններում նշանակվելուց հետո, հստակեցվեցին երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ընթացիկ և առաջիկա խնդիրները, կատարվեց փորձի փոխանակում, ճշգրտվեցին այն հիմնական անելիքները ու դրանց հերթականությունը, որոնք անհրաժեշտ է իրականացնել հակառակորդի ագրեսիվ նկրտումները սանձելու և զսպման ու հակազդման մեխանիզմները առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG