Մատչելիության հղումներ

Փաշինյան. Սերժ Սարգսյանը պատրաստում է իր մեծամասնության վերարտադրությունը


Խորհրդարանը երեկ արտահերթ նիստում 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց այս ծրագրին։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ այս ծրագրով ոչ մի նոր մոդել չի առաջարկվում, և որ այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության ծրագիրը, գործունեությունը։

«Դա, ըստ էության, նույն խորհրդարանական մեծամասնության նշանակած կամ վրա հենված կառավարություն է, որին նշանակել է նույն Սերժ Սարգսյանը։ Այսինքն, եթե քաղաքական մոտեցում ենք ցուցաբերում, շատ պարզ է, որ կողմ քվեարկելով այս կառավարությանը, կողմ ենք քվեարկում Սերժ Սարգսյանին և նրա խորհրդարանական մեծամասնությանը, մանավանդ որ երեկվա քննարկումների արդյունքներով էլ կարող ենք ասել՝ չի ասվել մի բան, որ նախկինում չի ասվել»։

Դիտարկմանը, թե նախորդ ծրագրերի համեմատ, կառավարության այս ծրագիրը կարճաժամկետ է՝ 6-ամսյա, Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Գիտեք, հիմա դա առավել ևս ընդգծում է այն կոնտեկստը, որ ես ընդգծեցի երեկվա իմ ելույթում՝ «սա նախապատրաստություն է խորհրդարանական ընտրություններին»։ Սերժ Սարգսյանի մոտիվացիաներն այս փոփոխությունը կատարելիս և խորհրդարանական մեծամասնության, պարզ է՝ նրանք ուզում են դրական սպասումներ առաջացնել, իսկ ցանկացած փոփոխություն իր հետ բերում է դրական սպասումներ, դրական սպասումներ առաջացնել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մինչև մարդիկ կհասկանան, թե այդ սպասումներից որն իրականացավ, որը չիրականացավ, արդեն ընտրություններն անցած կլինեն, և այս ֆոնին նաև Սերժ Սարգսյանը պատրաստում է իր մեծամասնության վերարտադրությունը։ Այսինքն, նա այդպես է պլանավորում, և Կարեն Կարապետյանն էլ, ստանձնելով վարչապետի պաշտոնը, չի կարող չգիտակցել, որ իր գործառույթը հենց դա է՝ էս Հանրապետական մեծամասնության վերարտադրությունն ապահովել, և դրանից հետո արդեն կերևա՝ իրադարձությունները ոնց կզարգանան։ Առնվազն էս կտրվածքով Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի պլանները նույնական են, և դրանից հետո արդեն, կախված բազմաթիվ նրբություններից, կերևա ինչի մասին են նրանք նույն կերպ մտածում, ինչի մասին տարբեր»։

Փաշինյոնաի խոսքով, խնդիրը հետևյալն է. - «Կամ Կարեն Կարապետյանը ծառայում է Սերժ Սարգսյանի վերարատադրության նպատալներին և 2018 թվականին իր վարչապետի տեղը զիջում է Սերժ Սարգսյանին, որն արդեն պետության գլուխ է լինում, կամ Կարեն Կարապետյանը հանգիստ, հուշիկ քայլերով ներգրվում է այս խորհրդարանական մեծմասնությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG