Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Բանակցում ենք, որ ստեղծենք ընկերություն, որը կզբաղվի գյուղմթերքների շուկաների որոնմամբ»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:

Վարչապետը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ընկերությունների զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը հետաքրքվել է նրանց խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, արտահանման աճին և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն:

Վարչապետը կարևորել է արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին:

«Գյուղնախարարի հետ քննարկում և այժմ բանակցում ենք, որպեսզի մասնավորի հետ ստեղծենք մի ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ: Բայց լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որ իրենք կարողանան հանգիստ գումար ներդնել և սկսեն զբաղվեն շուկայի որոնմամբ», - նշել է կառավարության ղեկավարը:

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղիգյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG