Մատչելիության հղումներ

Եվրամիության գնահատմամբ, ղարաբաղյան բանակցային գործընթացը «բարդ փուլում է»


«Ազատությունը» զրուցել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

«Ազատություն»․ - Պարոն Զալբեր, այսօր մենք տեղեկացանք, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ կեսգիշերին մոտ Լեռնային Ղարաբաղում դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել: Հայկական կողմի տվյալներով ադրբեջանցիները կորուստներ են կրել: Դուք տեղեկացվե՞լ եք այս միջադեպի մասին:

Զալբեր․ - Ոչ, այդ մասին ես Ձեզանից եմ լսում, սա շատ ցավալի է: Գարնանն արձանագրված լարվածությունից հետո շփման գծում, ինչպես նաև միջպետական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր: Մենք հուսով ենք, որ այդ հանգիստ իրավիճակը կգերիշխի, քան որ դա խաղաղ բանակցությունների երաշխիքներից մեկն է:

«Ազատություն»․ - Պարոն Զալբեր, հաշվի առնելով 2 կողմերից հնչող հայտարարությունները, կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթացը փակուղային իրավիճակում է: Ինչպես գիտեք վերջերս Ադրբեջանը հայտարարեց, թե երբեք չի համաձայնի Ղարաբաղի անկախությանը, իսկ հայկական կողմն էլ այդ հայտարարությունը որակեց իբրև ինքնախաբեություն: Կարո՞ղ ենք ասել, որ այս ամենը խոսում է փակուղային վիճակի մասին:

Զալբեր․ - Անշուշտ, բանակցային գործընթացը բարդ փուլում է, բայց հաշվի առնելով մեր ունեցած տեղեկատվությունը, ես այն չէի որակի որպես փակուղային: Կարծում եմ, որ մարդիկ բանակցում են, 2 կողմերի ղեկավարները բանակցում են, ես նաև նկատել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները բազմաթիվ ջանքեր են գործադրում, այնպես որ ես լավ պատճառներ ունեմ հավատալու, որ բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ՝ մենք պետք է տարբերակում դնենք ինքնին բանակցությունների և հրապարակային հայտարարությունների միջև, որոնք արվում են տարբեր նպատակներով:

«Ազատություն»․ - Ի դեպ, Ադրբեջանի նախագահը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, թե Բաքվին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ներկայումս ճնշումներ կա՞ն կողմերի վրա:

Զալբեր․ - Ես չգիտեմ որտեղից է այդպիսի պնդումը, ես չեմ կարող դա բացատրել, քանի որ որևէ մեկը որևէ բան ճանաչելու նպատակով ճնշումների տակ չէ:

«Ազատություն»․ - Պարոն Զալբեր, ինչպիսի՞ առաջարկներ կան այսօր բանակցային սեղանին, քանի որ խոսակցություններ կան, որ կողմերը մերժել են այսպես կոչված «Լավրովյան առաջարկները»:

Զալբեր․ - Եթե ուզում եք իմանալ, թե ի՞նչ առաջարկներ կան սեղանին, Դուք պետք է հարցնեք կողմերին, ովքեր ծանոթ են դրանց: Մենք՝ որպես Եվրամիություն, ծանոթ չենք: Մենք կարող ենք միայն խնդրել, որպեսզի մեզ տեղեկատվություն տրամադրեն: Ես հույս ունեմ, որ կողմերը մի օր կբացահայտեն, թե ի՞նչ առաջարկներ կան սեղանին և ի՞նչ է քննարկվել:

«Ազատություն»․ - Բայց դուք լսե՞լ եք «Լավրովյան առաջարկների» մասին:

Զալբեր․ - Դրանք խոսակցություններ են:

«Ազատություն»․ - Պարոն Զալբեր, համանախագահները այս ամսվա վերջին պատրաստվում են այցելել տարածաշրջան, կարո՞ղ ենք ասել, որ նրանք նոր առաջարկներ են բերում իրենց հետ:

Զալբեր․ - Նոր առաջարկներ համանախագահողների՞ց՝ ես շատ ակնկալիքներ չունեմ: Ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, առաջարկները սեղանին են, դրանք քննարկվել են ամռանը, այդտեղ կասկած չկա, և ես վստահ եմ, որ եթե համանախագահները առաջիկայում այցելեն տարածաշրջան, այդ առաջարկները կքննարկվեն և գուցե նաև փոփոխվեն, բայց դա նրանցից է կախված:

«Ազատություն»․ - Պարոն Զալբեր, տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմականացում է տեղի ունենում, ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք ադրբեջանական կողմի տեխնիկական հնարավորությունների աճին, միևնույն ժամանակ հայկական կողմն էլ սեպտեմբերին ցուցադրեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Կարո՞ղ ենք ասել, որ կողմերը պատրաստվում են, ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:

Զալբեր․ - Մենք հետևում ենք տարածաշրջանի խիստ ռազմականացմանը տասնամյակներ շարունակ, այնպես որ սա նորություն չէ: Մենք գիտենք, որ կողմերը ռազմական առումով անկասկած շատ լավ պատրաստված են, սա մի բան է, որը մենք պետք է հաշվի առնենք, երբ գնահատում ենք իրավիճակը տարածաշրջանում: Մենք ուզում ենք հուսալ, որ չնայած այսպիսի խիստ ռազմականացմանը, կարող ենք գտնել խնդրի խաղաղ լուծում:

«Ազատություն»․ - Ես նաև ցանկանում եմ խոսել Թուրքիայի դերակատարության մասին: Ինչպես գիտեք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

Զալբեր․ - Ես վստահ չեմ, արդյոք դա ճիշտ մոտեցում է: Խնդրի լուծումը պետք է գտնեն կողմերը, միայն դրանից հետո կարելի է տեսնել, թե ինչ կարող են անել մյուսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG