Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյակի բանաձևը Ռադայում կրքեր է բորբոքել


Ուկրաինա - Լվովի Սուրբ Աստվածածին հայկական կաթողիկե տաճարը, արխիվ
Ուկրաինա - Լվովի Սուրբ Աստվածածին հայկական կաթողիկե տաճարը, արխիվ

Հայկական եկեղեցու մասին բանաձևի քննարկումը ուկրաինական խորհրդարանում կրքեր է բորբոքել:

Պատգամավոր Միկոլա Կնյաժիցկիի հեղինակած նախագծում առաջարկվում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը: Փաստաթղթում հեղինակը հիշեցնում է, որ 1945-ին Արևմտյան Ուկրաինայում մեկնարկած արևելյան կաթոլիկ եկեղեցիների ոչնչացման առաջին զոհերից էր Հայ կաթողիկե եկեղեցին: Ըստ պատմական աղբյուրների, Լվովի Հայ կաթողիկե թեմի լուծարման ճշգրիտ ամսաթիվը համարվում է 1946 թվականի հենց հոկտեմբերի 25-ը:

Առաջին հայացքից ոչ-քաղաքական այս առաջարկի շուրջ քննարկումը, սակայն, ուկրաինական Ռադայում վերածվեց սկանդալի: Պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հիշեցին Հայաստանի Հանրապետության «անվերապահ աջակցությունը ռուսական ագրեսիային», Ղրիմի բռնակցումը Հայաստանի կողմից երբևէ չդատապարտելու փաստը և առհասարակ վերջին տարիներին Հայաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականությունը:

«Ամենայն հարգանքով վերաբերվելով մեր հայազգի եղբայրներին, թույլ տվեք հիշեցնեմ, որ Հայաստանը մի երկիր է, որը ճանաչել է Ղրիմի բռնակցումը և չի աջակցել Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Խնդրում եմ գործընկերներիս չմոռանալ այդ մասին», - Ռադայի ամբիոնից մինչ քվեարկությունը հայտարարեց պատգամավոր Օլեգ Լյաշկոն, ապա դիմեց Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին․ - «Պահանջում ենք դատապարտել Ռուսաստանի ագրեսիան Ղրիմում, ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և աջակցել Ռուսաստանի ագրեսիայի դեմ մեր պայքարին»:

Իրավիճակը փորձեց մեղմել Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն՝ կոչ անելով զանազանել պետական և եկեղեցական գործերը: Իր հերթին, փաստաթղթի հեղինակ Կնյաժիցկին հայտարարեց, թե խորհրդային իրավապահների կողմից 1946 թվականին սպանված հայերը որևէ առնչություն չունեն ժամանակակից հայկական պետության հետ:

Այս հայտարարությունները, սակայն, չմեղմեցին իրավիճակը: Այն է՛լ ավելի սրվեց, երբ պատգամավոր Լյաշկոն պնդեց, թե փաստաթղթում պետք է հատուկ դրույթ ավելացվի, որը Հայաստանի իշխանություններից կպահանջի դատապարտել ռուսական ագրեսիան և աջակցել ուկրաինացիներին: «Հայաստանը ճիշտ նույն ձևով տառապում է ռուսական ագրեսիայից, ինչպես Ուկրաինան», - համոզմունք հայտնեց ուկրաինացի պատգամավորը:

Քննարկումներն այսքանով չավարտվեցին: Խոսք խնդրեց Ռուսաստանում արգելված Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը, ով հայտարարեց, թե Լյաշկոն «միանգամայն իրավացի է, որ սա առիթ է հիշելու այն մասին, որ ժամանակակից հայկական պետությունը և իր ղեկավարները զբաղեցրել են ակնհայտ հակաուկրաինական դիրքորոշում»:

Ըստ պաշտոնական տվյալների ավելի քան 130-հազարանոց հայկական համայնք ունեցող Ուկրաինայի խորհրդարանը, այդուհանդերձ, պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմ ձայներով որոշեց առաջիկա հոկտեմբերի 25-ին նշել Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG