Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական առևտուրն աճում է․ «Կողմերը հետաքրքրված են՝ շարունակելու երկխոսությունը»


Զուրաբ Աբաշիձեն (ձախից) և Գրիգորի Կարասինը Պրահայում հանդիպումներից մեկի ժամանակ, արխիվ
Զուրաբ Աբաշիձեն (ձախից) և Գրիգորի Կարասինը Պրահայում հանդիպումներից մեկի ժամանակ, արխիվ

Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի անցած ինը ամիսների արդյունքները: Ըստ պաշտոնական տվյալների՝ Վրաստանի ու Եվրամիության անդամ երկրների միջև առևտրի ծավալները նվազել են 2․6 տոկոսով, իսկ Ռուսաստանի հետ՝ աճել․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Վրաստանից Ռուսաստան արտահանումը աճել է գրեթե 18, Ռուսաստանից Վրաստան ներմուծումը՝ մոտ 15 տոկոսով:

Ռուսաստանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառության ակտիվացումը, կարելի է ասել, Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության հիմնական մասերից է, որով անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 19-ին Պրահայում տեղի ունեցած ռուս-վրացական բանակցությունների հերթական հանդիպման արդյունքներին:

Ռուսաստանի արտգործնախարարության ընդգծմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ Ռուսաստանում և Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկու կողմերը հետաքրքրված են՝ շարունակելու երկխոսությունը ռուս-վրացական կապերն ակտիվացնելու համար այն ոլորտներում, որտեղ առանց դիվանագիտական հարաբերությունների կարելի է առաջընթաց ակնկալել: Խոսքը վերաբերում է առևտրի, տրանսպորտի, մշակութային և հումանիտար ոլորտներին:

Հիշեցնենք՝ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են և մինչև հիմա վերականգնված չեն:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 17 տոկոսով աճել է: Ռուսաստանը առևտրի ոլորտում մնում է Վրաստանի երկրորդ խոշոր գործընկերը:

«Երկկողմ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ վերջին չորս տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները լավատեսություն են ներշնչում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Զուրաբ Աբաշիձեն ուշադրություն է հրավիրել «Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների կոպիտ խախտումների և օկուպացված տարածքների շփման գծի բարդ իրավիճակի վրա»: Քննարկվել է նաև Վրաստանի օգտին լրտեսության մեղադրանքով Ռուսաստանում դատապարտված Վրաստանի քաղաքացիների խնդիրը: Հաղորդելով այս մասին՝ Վրաստանի կառավարությունը հիշեցնում է, որ 2014-ից ի վեր Ռուսաստանը Վրաստանին է հանձնել այդ մեղադրանքով Ռուսաստանում դատապարտված 7 քաղաքացու:

Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել 2017-ի սկզբին:

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են այս բանակցությունները:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ասել է․ - «Եթե Կարասինի հետ ձեռք ես սեղմում և բանակցությունների սեղանի շուրջ նստում նրա հետ, դա նշանակում է՝ ճանաչում ես Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը և հանդիսանում ես նրա հանցավոր պլանի մասնակիցը»:

Հիշեցնենք՝ այս բանակցությունները արդեն չորս տարի վարում են Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: Դրանք սկսվել են 2012-ին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից և դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վարչապետ դառնալուց անմիջապես հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG