Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների կոչ է անում


Բանտ Ադրբեջանում, արխիվ
Բանտ Ադրբեջանում, արխիվ

Human Rights Watch-ը կոչ է անում Միացյալ Նահանգներին ու Եվրամիության երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համար: Այսօր հրապարակած զեկույցում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ չնայած Արևմուտքի քննադատությանը, Ալիևի վարչակազմը շարունակում է բռնաճնշումները ընդդիմախոսների, լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ:

«Թեև անցած տարեվերջին պաշտոնական Բաքուն պայմանական ազատ արձակեց կամ ներում շնորհեց քաղաքական շարժառիթներով ձերբակալված մի խումբ ակտիվիստների, սակայն ճնշումները չավարտվեցին. ազատ արձակվածներից շատերը մինչ օրս զրկված են երկրից դուրս գալու իրավունքից, մյուսներն էլ հարկադրված են դադարեցնել գործունեությունը՝ բյուրոկրատական արհեստածին խոչընդոտների ու ֆինանսների բացակայության պատճառով», - նշում է Human Rights Watch-ը:

Վարչակազմի ձեռքերը, ըստ զեկույցի, հասնում են նաև դրսում բնակվողներին՝ նրանց դեպքում էլ թիրախում են հայտնվում Ադրբեջանում մնացած հարազատ-բարեկամները, բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունը նրանց նկատմամբ է քրեական հետապնդում սկսում՝ գրում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանում ավելի քան երեք ամիս շարունակված հետաքննությունից հետո:

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրում նաև այն սակավաթիվ փաստաբանների նկատմամբ, որոնք հանդգնում են ընդդիմադիր գործիչների շահերը պաշտպանել՝ ոմանք զրկվում են երկրից դուրս գալու իրավունքից, մյուսների դեպքում հարկային ստուգումներ են սկսվել փաստաբանական գրասենյակում, իսկ առավել համարձակներն էլ դուրս են մնում համակարգից՝ կասկածելի մեղադրանքներով:

«Թեև արևմտյան մի շարք գործընկերներ դատապարտում են Բաքվի այս լրջագույն ձախողումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն խոսքից գործի չեն անցնում, քննադատությունն էլ կարծես չի ազդում Ալիևի վարչակազմի հետ հարաբերությունների վրա», - նշում է Human Rights Watch-ը՝ ընդգծելով․ - «Իրավիճակը շտկելու համար Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է մուտքի արտոնագրից զրկեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են իրավապաշտպանների, լրագրողների ու ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների համար»:

Բացի այդ, ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է նաև համաձայնեցված սահմանափակումներ կիրառեն տնտեսական ոլորտում՝ դադարեցնելով Ալիևի վարչակազմի վարկավորումն ու նավթագազային ծրագրերի ֆինանսավորումը:

«Արևմուտքը պետք է թե՛ հրապարակավ, թե՛ դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնի մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ մտահոգությունները՝ հորդորելով Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել մտացածին մեղադրանքներով ազատազրկված ընդդիմադիրներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին, վերացնել նրանց նկատմամբ սահմանված արգելանքներն ու երաշխավորել քաղաքացիական հասարակության անկաշկանդ ու ազատ գործունեությունը երկրի տարածքում», - հայտարարում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG