Մատչելիության հղումներ

ՀՅԴ․ Կառավարության ծրագրով ճշգրիտ ախտորոշվել է երկրի վիճակը


ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան և քարտուղար Աղվան Վարդանյան, արխիվ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան և քարտուղար Աղվան Վարդանյան, արխիվ

Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի նոր կառավարության ծրագրի քննարկումից առաջ, իշխանությանը մաս կազմող ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը այսօր ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր գնահատականները:

Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին՝ ոգևորված են վարչապետի մոտեցումներից, ուզում են հավատալ, որ երկրում բան է փոխվում:

Ինչպես շեշտեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, այս ծրագրով ճշգրիտ և համարձակ ախտորոշվել է երկրի վիճակը՝ առանց ինչ-որ բաներ թաքցնելու և խաբելու:

«Մենք ուզում ենք հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, նոր արյուն է մտնում երկիր, մտածողություն փոխելու խնդիր է դրված: Ոչ թե ինքնախաբեությամբ զբաղվելը, ոչ թե արհեստական թվեր նկարելով ցույց տալը արդյունքները, այլ իմանալ, թե ինչ է կատարվել և ինչպես դա թույլ չտալ», - հայտարարեց Վարդանյանը՝ հավելելով․ - «Տեսեք, մի օրինակ վերցրեք, զբաղվեք, օրինակ՝ գյուղատնտեսության մեջ մեր աճով, համեմատեք՝ անցյալ տարի որքան մթերում է եղել և էս տարի որքան է եղել, և կտեսնեք, որ ակնհայտորեն անցած տարի էդ թվերը ուռճացված են եղել»:

«Իշխանությունը չգիտե՞ր, որ խաբում էր ինքը իրեն և ժողովրդին մինչև օրս», - «Ազատության» այս հարցին Դաշնակցության խմբակցության քարտուղարը պատասխանեց․ - «Ես ասում եմ փաստ, ես չգիտեմ՝ իշխանությունը որ մասը գիտեր, ով էր դրանով զբաղվում, ինչ էր անում, բայց որ մենք ունենք շատ ավելի վատ բազա այսօր, քան նկարագրված է եղել՝ դա էլ ակնհայտ է»:

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ չթաքցրեց՝ լավ ծրագիր կարելի է գրել, բայց այն կմնա թղթի վրա, եթե իրականացնելու կամք չկա:

«Ազատության» հիշեցմանը, որ «նախկինում էլ բազմաթիվ ծրագրեր են եղել և էլի կարծես թե վատը չեն եղել այդ ծրագրերում ամրագրված դրույթները, թիրախները, նաև ախտորոշված են եղել խնդիրները, սա ինչո՞վ է տարբերվում, ավելի լա՞վ է շարադրված, թե՞ այն լավատեսությունը, որ այսօր ունի Դաշնակցությունը, պայմանավորված է ավելի շատ հենց Կարեն Կարապետյանի անձով», Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ - «Ամենագլխավորը, գիտեք, անձինք են: Հիմա, գիտեք, ամեն ինչ կարելի է լավ գրել, ճիշտ եք ասում, բայց մնա թղթի վրա: Մեր համար ամենակարևորն է, որ մենք զգում ենք, որ կա նաև քաղաքական կամք՝ այդ ամենը իրականացնելու, վճռականություն կա, պատասխանատվություն կա: Մարդիկ շատ լավ հասկանում են, վարչապետը, որ, իսկապես, իրավիճակը ծանր է և իրենից ակնկալիքները մեծ են, և առաջացրել է նա ակնկալիքներ, որը մեզ համար շատ գնահատելի է»:

«Հասարակության մի զգալի մասը ակնկալում է դրական փոփոխություններ, և հերթական անգամ հիասթափեեցնելը, իհարկե, ոչ մեկի շահերից չի բխում, մանավանդ որ արդեն էլ տեղ չկա հիասթափեցնելու», - հայտարարեց Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG