Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսագետի կարծիքով, բենզինի գները կարող են էլ ավելի նվազել


Armenia - Cars at a petrol station in Yerevan belonging to the City Petrol Group company.

Armenia - Cars at a petrol station in Yerevan belonging to the City Petrol Group company.

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 20 դրամով բենզինի գների իջեցումը շուկայում աշխուժություն է առաջացրել:

Վարորդներն անակնկալի են եկել, վաճառողներն էլ ակնկալում են, որ գները մինչև տարվա վերջ կշարունակեն նվազել և կհասնեն 280 դրամի։

«Քսան դրամ էժանացել ա։ Մինչև 150-300 որ իջնի, լավ ա։ Ինչի՞ չեմ փոխում գազի, շուտով կփոխեմ։ Բայց ասում են, որ բենզինը ավելի է էժանանալո՞ւ, դե ուրեմն չեմ փոխի», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, բենզինի գների անկման հետևում կանգնած է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ ասում է՝ վարչապետը ոչ միայն կարող է դա անել, այլ նաև իշխանություններն արդեն ստիպված են կտրուկ փոփոխությունների գնալ։

«Ոչ թե էնտեղ բարի կառավարողներ ու որոշում կայացնողներ ծագեցին, որ մինչև հիմա չկային, այլ պարզապես իրենք էլ հասկանում են, որ նման ձևով շարունակել հնարավոր չի», - ասաց Բոստանջյանը:

Տնտեսագետը վերջին գնանկումը պայմանավորում է նրանով, որ Հայաստանում բենզին վաճառող ընկերությունները տարիներ շարունակ գերշահույթով են աշխատել։ Եվ 20 դրամով գնի իջեցումը նրանց համար ոչինչ է։ Եվ եթե անգամ բենզինի հիմնական մատակարար «Ռոսնեֆթ» ընկերությունը չիջեցնի սակագները, հայաստանյան ընկերությունները շահույթ կստանան անգամ 100 դրամով էժանացման պարագայում։

«Էս պահին ընթացքից, էդպես ռեզերվ նկատվեց բենզինի կտրվածքով, որը մի սիմվոլիկ էդ գումարով իջեցվեց, բայց հասկանալի է, որ դրա իջեցնելու բավականաչափ հնարավորություն ունենք, և ինչո՞ւ չէ, արդեն իսկ որոշ մասնագետների կարծիքով այն կարող է իջնել մինչև 300-280 դրամ», - ասաց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է բենզինի գնանկման պատճառները։ «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանն ասաց, որ նախկինում արված ուսումնասիրությունները ցույց են տվել՝ Հայաստանում վաճառվող բենզինի գինը հիմնականում համահունչ է եղել ձեռք բերման գնին։

«Իհարկե, կոմպոնենտները շատ են: Հաշվի է առնվում նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունը և այլն: Մի շարք չափանիշներ հաշվի առնելով՝ հիմնականում կարող եմ արձանագրել, որ վերջին 1-2 տարիների ընթացքում բենզինի գները համահունչ է եղել ձեռքբերվող գներին և միջազգային գներին», - ասաց ՏՄՊՊՀ խոսնակը:

Նշենք, որ տարածաշրջանում բենզին ամենաթանկը վաճառվում է Հայաստանում։

«Ընդհանրապես էդ 280-ը իմ համոզմամբ, նվազագույն չափն է իջեցնելու: Հնարավոր է ավելի: Բոլոր դեպքերում, այլընտրանքները միշտ գոյություն ունեն», - ասաց տնտեսագետը:

XS
SM
MD
LG