Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում կկայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը


Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Կկարողանա՞ արդյոք «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն ստանալ նոր գումարման խորհրդարանում: Ընտրությունների երկրորդ փուլից 11 օր առաջ սա է վրացական քաղաքական դաշտում ծավալված քննարկումների գլխավոր թեման:

Երկրորդ փուլը կայանալու է հոկտեմբերի 30-ին` Վրաստանի 50 մեծամասնական ընտրատարածքներում: Եթե իշխող «Վրացական երազանք»-ը հաղթանակ ապահովի ընտրատարածքներից 46-ում, հնարավորություն կստանա տնօրինել խորհրդարանական մանդատների երեք քառորդը: Դա էլ, իր հերթին, իշխող քաղաքական ուժին հնարավորություն կտա առանց լուրջ խնդիրների փոփոխություններ և լրացումներ կատարել Վրաստանի Սահմանադրության տեքստում:

Երեկ իրադարձությունների զարգացման նման սցենարը բացառելու կոչով ընտրողներին դիմեցին Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և մտավորականության ներկայացուցիչներ:

«Հարկավոր է քվեարկել ընդդիմության օգտին և բացառել իշխող կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնության ձևավորումը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վրացական երազանք»-ը արդեն իսկ հայտարարել է երկրի հիմնական օրենքը փոփոխության ենթարկելու մտադրության մասին», - նշում են հայտարարության հեղինակները:

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում, սակայն, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կտրուկ հակադարձեց այս պնդումներին:

«Շահարկումները, թե «Վրացական երազանք»-ի կողմից սահմանադրական մեծամասնության ձևավորման դեպքում մեր երկիրը աղետի կմատնվի, անառողջ են ու արհեստածին: Նախկինում մենք նախադեպեր ունեցել ենք, երբ Սահմանադրությունը վերաձևում էին մեկ մարդու հագով և առանձին վերցված մեկ քաղաքական ուժի նպատակներին համապատասխան: Մեզ սահմանադրական մեծամասնությունը անհրաժեշտ է միայն մեկ նպատակով՝ մեր իսկ ստանձնած պարտավորություններն ու հնչեցրած տված խոստումները կյանքի կոչելու համար», - նշում է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի մոտեցումներն այս հարցում ավելի զուսպ են: Երկրի ղեկավարի համոզմամբ՝ սահմանադրական մեծամասնության տնօրինման առավելություններն ու թերությունները նախևառաջ կախված են այս կամ այն քաղաքական ուժի որդեգրած քաղաքական ռազմավարությունից: Այս մասին երեկ Թբիլիսիում ասուլիսի ժամանակ հայտարարում էր Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

«Սահմանադրական մեծամասնության առկայությունը կարող է թե՛ հնարավորություններ ստեղծել, թե՛ սպառնալիք հանդիսանալ: Մի քաղաքական ուժի ձեռքում դա կարող է սպառնալիք դառնալ, մյուսի դեպքում` զարգացման հնարավորություն», - հայտարարում էր Վրաստանի նախագահի մամլո քարտուղարը:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 30-ի քվեարկությանը, ապա ակնկալվում է, որ այն առավել լարված ընթացք կստանա Հայաստանին սահմանակից Մառնեուլի շրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Մառնեուլի ընտրատարածքում երկրորդ փուլ են դուրս եկել «Վրացական երազանք»-ի թեկնածու, ազգությամբ վրացի Թամազ Նավերիանին և ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման ադրբեջանցի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևը:

Հոկտեմբերի 8-ին հենց այս ընտրատարածքում արձանագրվեց բռնության ամենաաղաղակող դեպքը, երբ ադրբեջանցի թեկնածուի կողմնակիցները գրոհեցին Ղզլհաջիլի գյուղի ընտրական տեղամասը: «Վրացական երազանք»-ի թեկնածուն համոզված է` Իմամկուլիևի կողմնակիցների նպատակը առաջին փուլում իշխող քաղաքական ուժի հաղթանակը կանխելն էր:

«Շրջանի 48 տեղամասերում «Վրացական երազանք»-ը առաջատարն էր: Այդ օրը կատարված տեսագրություններում հստակ երևում է, որ հարձակվողները հենց Իմամկուլիևի աջակիցներն էին», - հայտարարում էր «Վրացական երազանք»-ի թեկնածուն:

Ի դեպ, մի քանի օր առաջ Մառնեուլում ոստիկանական հատուկ գործողություն իրականացվեց, որի ընթացքում ձերբակալվեցին ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցներից մի քանիսը` բոլորն էլ՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Ահմեդ Իմամկուլիևի համոզմամբ՝ ոստիկանության գործողություններում քաղաքական ենթատեքստ կար:

«Ձերբակալվածների թվում է իմ կողմնակիցներից մեկը, ով փորձում էր հանգստացնել հավաքված մարդկանց: Ակնհայտ է, որ իշխանությունները երկակի չափանիշներ են կիրառում: Ընտրությունների օրը այդ շրջաններում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերի մեղավորներից և ոչ մեկը չի ձերբակալվել ու նախնական կալանքի չի դատապարտվել», - նշում էր պատգամավորության ադրբեջանցի թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG