Մատչելիության հղումներ

Վանաձորում մահացած ծննդկանի հարազատները բժիշկներին են մեղադրում


Քնարիկ Մնացականյան` մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի սկեսուրը

Քնարիկ Մնացականյան` մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի սկեսուրը

Վանաձորի ծննդատանը նախորդ օրը մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի մեջ:

Քնարիկ Մնացականյանը պատմում է, որ իր 32-ամյա հարսը սեպտեմբերի 26-ից հիվանդանոցում է գտնվել: Հոկտեմբերի 18-ին երեխան ծնվել է, բայց մայրը, ըստ Մնացականյանի, ժամեր անց արյունահոսության պատճառով մահացել է:

Կինը պատմում է, որ երբ վերջին անգամ զրուցել է հարսի հետ, նա օգնություն էր կանչում: «Հարսս զանգեց, հեռախոսս վերցրեցի գրպանիցս ասավ՝ «մամ, մոտս մարդ չկա, մեռնում եմ, արյունահոսում եմ, ի՞նչ կլինի տղերքին ուղարկի»։ Ասեցի՝ «ո՞նց մոտդ մարդ չկա»։ Հեռախոսն էլ ՝ արյունոտ, բերել ենք։ Իմ տղերքն երեխանց հետ գնացին, ստեղ էին սաղ, գնացին, որ օգնեն, մինչև երեխեքը գնացին իմ հարսը նորից զանգեց, ասավ՝ «մամ, չեկա՞ն, մեռնում եմ է», ասեցի՝ «դուրս են եկել»։ Հետո նորից զանգեց ու նենց ճվաց՝ «վայ», - պատմեց Քնարիկ Մնացականյանը։

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ծննդկանը 21 օր գտնվել է հիվանդանոցում և որևէ խնդիր չի եղել:

«Կատարվել է նախածննդյան հոսպիտալիզացիա, հղին հետազոտվել է, որևէ շեղումներ չեն հայտնաբերվել և հոկտեմբերի 17-ին սկսվել են կծկանքներ, 18 ժամ 40 րոպեին բնական ճանապարհով ծննդաբերել է, որևէ շեղում, կապված ծծնդաբերության հետ, կնոջ մոտ չի դիտվել», - ասաց Շահվերդյանը։

Մահացած ծննդկանի ամուսինը դժգոհում է կնոջն անուշադրության և անտարբերության մատնած բժիշկներից: Ասում է, որ երբ կնոջ վիճակը կտրուկ վատացել է, ինքն անձամբ է բժիշկներին հիվանդանոց հասցրել:

«Զանգերով ասել են՝ ում, ոնց, ինչ հասցեներով, ասել են՝ «պետք է գնաք, բերեք»։ Հասել ենք ընդեղ, մենակ հասցրել ենք էդ Դավիթին տեսնենք, դռանը կանգնած ենք եղել մեկ էլ տեսնենք տաքսիով եկավ, հանգիստ էլ գալիս էր, ոնց որ իրա հիվանդը չլիներ, կամաց գալիս էր, ուզում էի մի բան ասեմ, բայց ասի՝ «լավ մեր հիվանդը պառկած ա, ավելի լավ է, չնեղենք, ոչ մի բան չասենք»։ Մինչև վերջին պահը իրա հետ խելոք, հանգիստ խոսացել ենք, ոնց ասել է, նենց էլ հավատացել ենք, որովհետև ես շինարար եմ, ինքը բժիշկ ա, ինքը իրա գործի բնույթով ա ուժեղ, ես էլ իմ, ոնց ասել ա, նենց էլ լսել ենք», - ասաց ծննդկանի ամուսինը։

Դավիթ Շահվերդյանն էլ պարզաբանում է՝ կնոջ կյանքը փրկելու համար ձեռնարկել են բոլոր միջոցները: «Ես հիմա չեմ կարող ասել, թե որ բժիշկը, որ տրանսպորտի միջոցով է ներկայացել, բայց, որ բժիշկները ներկայացել են ու ամեն մեկն իր կոնսուլտացիայի զննման համար, դա կարող եմ ասել, որ ներկայացել են», - ասաց Շահվերդյանը՝ շարունակելով. - «Ծննդկանի վիճակը կտրուկ վատացել էր, ինտենսիվ միջոցառումները՝ պլազմայի ներարկում, արյան փոխներարկում, արդյունավետ չեն եղել և 18-ին մեկ ժամին ծննդկանը մահացել է», - ասաց Շահվերդյանը։

Ծնունդն ընդունող բժիշկ Արսեն Բալայանն այսօր աշխատանքի չի ներկայացել, Շահվերդյանի խոսքով, սթրեսային վիճակում է գտնվում:

Նորածնի վիճակն այս պահին նորմալ է: Ծննդկանի մահվան դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մահացածի հարազատները պատրաստվում են մեղավորներին պատժելու համար դատարան դիմել:

XS
SM
MD
LG