Մատչելիության հղումներ

logo-print

Հալեպից ժամանած հայերը Հայաստանում «անորոշության մեջ, բայց ապահով» են


Կարլա Խլլոն «Զվարթնոց» օդանավակայանում: 18-ը հոկտեմբերի, 2016 թ․

Կարլա Խլլոն «Զվարթնոց» օդանավակայանում: 18-ը հոկտեմբերի, 2016 թ․

5 տարի ձգվող սիրիական պատերազմը 18-ամյա սիրիահայ Մայքլ Խլլոյին առաջին անգամ բերեց Հայաստան։

«Հրթիռակոծված Հալեպից հետո Երևանն է՛լ ավելի սիրուն է», - «Զվարթնոց» օդանավակայանում ասաց երիտասարդ հալեպահայը։

Հոր, մոր և 12-ամյա քրոջ հետ նրանց հաջողվեց պատերազմող Հալեպից դուրս գալ «Հալեպ» միության շնորհիվ։ Միությունը տարբեր բարերարների տրամադրած միջոցներով Հալեպից դուրս է բերում կարիքի մեջ գտնվող սիրիահայերին։

Մայքլի 12-ամյա քույրը՝ Կարլան, որ հատկապես վերջին շաբաթներին անընդհատ հրթիռակոծվող Հալեպում վտանգելով կյանքը դպրոց էր հաճախում, դեռ չի պատկերացնում, թե հայրենիքում ինչով է զբաղվելու:

Դեռևս անծանոթ հայրենիքում հայտնված Խլլոների ընտանիքը թեև անորոշության մեջ, բայց արդեն ապահով է։ Մայրը՝ Նելլի Խլլոն ասում է, որ դեռևս չգիտեն, թե որքան կմնան հայրենիքում։ Պատերազմի մեջ մնացած հարազատ Հալեպում է թողել ամեն ինչ․ նրանց տունը վաղուց է քանդվել, վերջին ժամանակներում տեղափոխվել էին Սուլեյմանյե թաղամասում գտնվող քրոջ տուն։

Նելլի Խլլոն Հալեպի հայկական կրթօջախներից մեկում ուսուցչուհի էր։ Չնայած հրթիռակոծություններին, կրթօջախները, նրա փոխանցմամբ, բաց են, հազվադեպ օրեր են եղել, որ փակվել են:

Մայքլ Խլլոն, որ օրեցօր ահագնացող պատերազմի պատճառով Հալեպում կիսատ է թողել ուսումն ու հույս ունի, որ այն կշարունակի հայրենիքում, պատմում էր աչքի տեսած արյունալի տեսարանների մասին։ «Գեշերը»՝ այսպես են հալեպահայերը խոսում զինյալների մասին, հրթիռակոծում էին ամեն ինչ, չխնայելով անգամ մանուկներին․ - «Հալեպի վիճակը հեչ լավ չէ»:

Հալեպից Լիբանան, այնուհետև օդանավով Դուբայ մեկնած ու Երևան հասած երկու հալեպահայ ընտանիքներն «Ազատության» հետ զրույցում շեշտում են, որ շատերն են ուզում դուրս գալ Հալեպից։

32-ամյա Լուսի Բիշոյանի խոսքով, մինչև հիմա չէին կարողանում դուրս գալ գումարի պատճառով․ - «Դյուրին չէ բոլորը իրենց տունը-տեղը ձգեն և դուրս ելլեն, բայց ուրիշ միջոց էլ չկա: Ընդհանրապես զավակի տեր եղողները կնախընտրեն, որ զավակի սիրույն դուրս ելնեն»:

Հայրենիք ժամանած սիրիահայերին օդանավակայանում դիմավորելու էին եկել այստեղ հաստատված հարազատները, որոնք էլ նրանց տեղափոխեցին վարձակալած բնակարաններ։

Նշենք, որ վաղը Հալեպում ռուսական և սիրիական ուժերը կդադարեցնեն հարձակումները՝ թույլ տալով խաղաղ բնակիչներին և զինյալներին ապահով դուրս գալ քաղաքից:

XS
SM
MD
LG