Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայ շինարար․ «Հիմա այլոց եմ խնդրում, որ կյանքս նորոգեն՝ օգնեն, որ բուժվեմ»


Սիրիական պատերազմում Հալեպում հայրական տունը կորցնելուց հետո ընտանիքով Լիբանան, այնուհետև Հայաստան գաղթած Վարդան Բոյաջյանն արդեն 7 ամիս է, ինչ բնակվում է Երևանում հայկական կաթոլիկ եկեղեցու հյուրատանը:

Հայաստանում աշխատանք չգտնելով՝ կինը երկու անչափահաս երեխաների հետ օրերս վերադարձել է Լիբանան:

51-ամյա Վարդանն ընտանիքի հետ չի կարողացել մեկնել, որովհետև դեռ Հալեպում իր մոտ հայտնաբերված հեպատիտ C հիվանդությունը Հայաստանում գլուխ է բարձրացրել:

Հայաստանյան բժիշկները խորհուրդ են տվել շտապ սկսել բուժման առաջին փուլը: Բոյաջյանը, սակայն, չգիտի, թե որտեղից հայթայթի դրա համար անհրաժեշտ 2500 դոլար գումարը: Իր խոսքով՝ Հալեպում արյուն է հանձնել վիրավորներին օգնելու համար ու վարակվել անբուժելի համարվող հեպատիտ C-ով:

Նա մի քանի անգամ դիմել է Սփյուռքի ու Առողջապահության նախարարություններ և ստացել նույն պատասխանը՝ որ հայաստանյան որևէ հվանդանոցում հեպատիտ C-ի անվճար բուժում չկա:

Մասնագիտությամբ շինարարը, որ Սիրիայում նորոգել է ցանկացած կոտրված իր ու զրոյից տներ կառուցել, ասում է․ - «Հիմա այլոց եմ խնդրում, որ կյանքս նորոգեն՝ օգնեն, որ բուժվեմ»:

Հիվանդության պատճառով անաշխատունակ դարձած Բոյաջյանը, բուժման առաջին կուրսն ընդունելուց հետո պատրաստվում է վերադառնալ Սիրիա: Ասում է, որ այնտեղ գոնե իմացած երկու լեզուներով՝ անգլերենով ու ֆրանսերենով, կարող է աշխատանք գտնել:

Սովը կոտրելու համար երբեմն եկեղեցու հյուրատան անվճար ճաշարանից է օգտվում, իսկ առօրյա ծախսերը հոգալու համար վաճառում է Սիրիայից իր հետ բերած մանր-մունր կենցաղային իրերը:

Երեխաների նկարներով ու խաղալիքներով զարդարված երևանյան չորս պատերում օրն անցկացնում է անգլերեն Աստվածաշունչը կարդալով, ռոք երաժշտություն լսելով ու ընտանիքի հետ հեռախոսով խոսելով:

Մեր միջոցով դիմեց ընտանիքին՝ հորդորելով, որ համբերեն․ - «Պիտի միանանք շուտով, նորմալ կյանք կապրենք»:

Կաթոլիկ եկեղեցու հյուրատանը մեկ տասնյակից ավելի սիրահայ ընտանիքներ են բնակվում, տեսախցիկը տեսնելուն պես, սակայն, թաքնվում են:

Վարդան Բոյաջյանն ասաց, թե նրանք բոլորն էլ պատրաստ են Հալեպ կամ գոնե Լիբանան վերադառնալ, որովհետև այստեղ աշխատանք չեն գտնում:

Հիվանդության բուժման հարցով պետական երկու կառույցներից մերժում ստացած Բոյաջյանը, ասում է, որ կացարանի ու աշխատանքի հարցով այլևս նրանց չի դիմի:

XS
SM
MD
LG