Մատչելիության հղումներ

Ջուլիան Ասանժը զրկվել է համացանց մուտք գործելու հնարավորությունից


Ջուլիան Ասանժ, արխիվ

Ջուլիան Ասանժ, արխիվ

Էկվադորի կառավարությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել է համացանց մուտք գործելու հնարավորությունից: Նախագծի թվիթերյան էջում հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ WikiLeaks-ը հրապարակել է Հիլարի Քլինթոնի հետ կապ ունեցող հերթական փաստաթղթերը: Ասանժը հիշեցնենք ապաստանել է Լոնդոնում տեղակայված Էկվադորի դեսպանատանը:

Էկվադորի կառավարությունը պաշտոնապես չի մեկնաբանել WikiLeaks-ի հիմնադրի համացանցի անջատման փաստը: Էկվադորի ԱԳՆ ղեկավար Գիյոմ Լոնգը հայտարարել է, որ Ասանժի կարգավիճակի հետ կապված փոփոխություններ չեն եղել:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Էկվադորի գործող նախագահ Ռաֆայել Կորեան , չնայած ԱՄՆ-ի հետ ունեցած մի շարք տարաձայնությունների, նախկինում հրապարակային հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի թեկնածությանն աջակցելու մասին:

WikiLeaks կայքը վերջին օրերին հրապարակել է փաստաթղթեր, որոնք կապված են ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հետ, մասնավորապես՝ Հիլարի Քլինթոնի խորհրդական Ջոն Պոդեստայի նամակագրությունը: Ջուլիան Ասանժը ավելի վաղ հայտարարել էր , որ WikiLeaks-ը փաստաթղթեր ունի, որոնք կարող են «ազդել» քարոզարշավի ընթացքի վրա:

Քլինթոնի նախընտրական շտաբը պնդում է, որ WikiLeaks-ը փաստաթղթերը ձեռք է բերել ռուսաստանցի հաքերների օգնությամբ, որոնք կապված են հատուկ ծառայությունների հետ:Ասանժը հերքել է այդ պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG