Մատչելիության հղումներ

Թուրքիայի մայրաքաղաքում արգելվել են հանրահավաքներն ու երթերը


Թուրքական իրավապահները ցրում են հավաքը Անկարայում: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․
Թուրքական իրավապահները ցրում են հավաքը Անկարայում: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

Անկարայում ժամանակավորապես արգելվել է հանրահավաքների ու երթերի անցկացումը:

«Անադոլու» գործակալությունը, հղում կատարելով Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարությանը, հաղորդում է, որ նման որոշում ընդունվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Հետախուզական ծառայությունները հայտնում են ահաբեկչական խմբավորումների կողմից նոր գործողություններ նախապատրաստելու մասին, և հանրահավաքները կարող են առաջնային թիրախ դառնալ:

«Մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են բոլոր տեսակի հավաքներն ու երթերը՝ կյանքի և գույքի անվտանգության ապահովման, հասարակական կարգը պահպանելու, հանցագործությունները կանխելու, իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով», - մասնավորապես, ասված է նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում խստացվել է հանրահավաքների, ցույցերի և զանգվածային միջոցառումների անցկացման կարգը: Անցած շաբաթ, օրինակ, Անկարայի քաղաքապետարանը մերժել էր Քաղծառայողների արհմիությունների ֆեդերացիայի դիմումը խաղաղ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Իսկ օրերս Ադանայի նահանգային անվտանգության վարչության կարգադրությամբ արգելվել է բացօթյա տարածքներում հարսանիքների, նշանադրությունների և նմանօրինակ տոնախմբությունների անցկացումը: Որպես հիմնավորում հիշատակվել է անցած օգոստոսին Գազիանթեփում մի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը, որի հետևանքով 59 մարդ էր զոհվել, ավելի քան 90-ը վիրավորվել էին:

Հիշեցնենք, անցած շաբաթ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունեց հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ կառավարության առաջարկը:

Այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG