Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիայում սառեցվել են Russia Today-ի հաշիվները


Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայում սառեցվել են Russia Today ռուսաստանյան մեդիահոլդինգի հաշիվները։

«Բրիտանիայում մեր հաշիվները փակել են՝ բոլոր հաշիվները, որոշումը վերանայման ենթակա չէ։ Կեցցե՜ խոսքի ազատությունը», - թվիթերյան իր էջում գրել է Կրեմլի հիմնական խոսափողը համարվող Russia Today-ի գլխավոր խմբագիրը։

Թե որն է NatWest բանկի այս որոշման պատճառը, հայտնի չէ։ Բանկից հեռուստաընկերությանն ուղարկված նամակում նշվում է միայն, որ ֆինանսական կազմակերպությունը որոշել է հրաժարվել հեռուստաընկերությանը ծառայություններ մատուցելուց, և այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։

РБК-ի հետ զրույցում Սիմոնյանը ենթադրել է, որ Կրեմլի հովանավորությունը վայելող լրատվամիջոցի հաշիվների սառեցումը կարող է կապված լինել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման հետ։

Հայտնի չէ՝ տեղի ունեցածի հետ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կապ ունե՞ն, թե՞՝ ոչ։

Ավելի վաղ Ofcom բրիտանական մեդիահամակարգողը Russia Today-ին մեղադրել էր Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը միակողմանի լուսաբանելու մեջ։ Այս տարվա սեպտեմբերին հեռուստաընկերությանը կասկածել էին հեռարձակման կանոնների խախտման, մասնավորապես՝ թերթաքարային գազ արտադրող Cuadrilla ընկերության գործունեության մասին ռեպորտաժում ոչ ստույգ տեղեկություններ հայտնելու մեջ։

Բացի այդ, անցած տարի Մեծ Բրիտանիայում սառեցվել էին լրատվամիջոցի՝ գովազդից ստացված եկամուտները։ Այդ որոշումն այն ժամանակ բացատրվում էր նրանով, որ այդ գումարներին կարող է առնչություն ունենալ "Россия сегодня" տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ում անունն ընդգրկված է Եվրամիության պատժամիջոցների ցանկում։

Ռուսաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող Russia Today հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է ավելի քան 100 երկրներում՝ անգլերենով, արաբերենով, իսպաներենով, շուրջօրյա հասանելի է ավելի քան 700-միլիոնանոց լսարանի համար։

Անցյալ տարի ամռանը ֆրանսիական իշխանությունները, հետևելով Բելգիայի օրինակին, ՅՈւԿՕՍ-ի գործով կալանք էին դրել ռուսական պետական ընկերությունների արտասահմանյան ակտիվների վրա: Կալանքի տակ էին հայտնվել մի շարք ռուսաստանյան ընկերությունների, այդ թվում՝ Russia Today-ի հաշիվները, որոնք մի քանի ամիս անց ապասառեցվել էին, սակայն մինչ օրս ընկերության փարիզյան գրասենյակի ունեցվածքը դեռ կալանքի տակ է:

XS
SM
MD
LG